«Դյուրին է ըմբռնել ճշմարտությունը, երբ այն բացահայտված է, գլխավորը այն բացահայտելն է»:
Գալիլեո Գալիլեյ

Կարծում եմ, որ Գալիլեոն նման բան ասելու տեղ ուներ, ինքը վաստակել էր այդ խոսքն ասելու իրավունքը. ինքը մեր պատմության մեջ ամենից կարևոր ճշմարտություններից մեկն էր բացահայտել, աշխարհին մեկնել, աշխարհն էլ, այդ բացահայտումն անելու համար, «բնականաբար», Գալիլեոյին լա՜վ հալածել էր, լա՜վ բանադրել, դատել-դատափետել, թեպետ հետո հենց այդ ճշմարտությամբ էլ կողմնորոշվել էր ու առաջնորդվել:

Ի հակադրություն Ջորդանո Բրունոյի՝ ինքն աշխարհի հետ չէր հակադրվում, ինքն աշխարհի հետ գլուխ չէր դնում, պայծառ գլուխն էր խնայում-պահում. հաջորդ ճշմարտությունները բացահայտելու համար էդ պահին նման ուրիշ գլուխ չկար: Դե էնտեղ էլ հո մեր երկրի պե՞ս չէր, որ ամեն գլուխ պայծառ գլուխ լիներ, որ գլուխը գլխից հանճարեղ լիներ՝ մեր գլխների պես:

Ըստ այդմ՝գիտե՞ք որն է մեր ամենաէական տարբերությունը մյուս բոլոր ազգերից. մենք «ամենակարող» ենք, ու մեր խելքն էլ «ամենահաս» է. ինչից որ ուզես, ոչ միայն… «հասնում, այլև անցնում է»: Մեզանից յուրաքանչյուրը նույն հաջողությամբ, հանգիստ խղճով ու ինքնավստահ, կարող էր «դառնալ» և՛ իրավաբան, և՛ սանտեխնիկ, և՛ բժիշկ, և՛ էլեկտրիկ, և՛ ճարտարապետ, և՛ քարտաշ, և՛ խոհարար, և՛ երկրի ղեկավար: Մեզնից յուրաքանչյուրն իր պատկերացմամբ կարող էր դառնալ այն, ինչ որ կուզեր, ուղղակի էդ բանն ինքըչի ուզել:

Հա՛, նման «ունիվերսալ» ու «ամենակարող», «ձեռքից ամեն բան եկող» ազգ ենք մենք: Բայց ամենից շատ ու ամեն ինչից շուտ մենքվերլուծող ու քննախույզ ենք, մենք ամենից լավ դեդեկտիվն ենք ու խուզարկուն ենք, մենք ամենից լավ բացահայտողն ու հայտնաբերողն ենք, ընդ որում՝ ամեն մեկս ամեն մյուսիցս ավելի լավն ենք, առավել հմուտ: Վկան՝ Շերլոկ Հոլմսն ու Էրքյուլ Պուարոն. բա ո՞նց, իրանք հա՜յ են, ուղղակի դրանց ազգերը նախանձություն անում, չեն ասում, որհայ են:

Ամեն մեկիս գլուխը ամեն մյուսիս գլխից միշտ առավել պայծառ է, և ուստի ամեն մեկս ամեն մյուսիցս առավել«գլխավոր» է:
«Գլխավորների» երկիր Հայաստանս
Ճիշտ է՝ փոքրաթիվ ազգ ենք, բայց, մյուս կողմից էլ, «գլխավորների» թվով աշխարհում առաջին տեղն ենք էսօր գրավում, թեպետ, «գլխավորներով» էդքան հարուստ, միշտ… երկրորդական բանի հետևից ենք վազելով ընկնում: Արդյունքում՝ պայծառ էդ գլխներս ստի՜ց տեղը ծանրաբեռնում, շարքից լրիվ հանում ու նե՜նց քայլեր ենք այդուհետ անում, որ անելուց հետո ոչ մեկս վիզ չի առնում, որ ինքն է արել:

Բա լա՜վ, ի՞նչ անենք:
Ինձ
նման էսպես քի՜չ գլուխ գովենք, ուրիշ ի՞նչ անենք: Էնքա՜ն ենք գովում, որ աչքով ենք տալիս: Գյոզալ գլուխն աչք առնում, քշվում, էդ պահից քշվա՜ծ բաներ է անում

Ու մենք բոլորս գալիս ենք էն մտքին, որ մի գլուխը քիչ է մեզ համար, ուստի մեր միջից փնտրում-գտնում ենք երեքգլխանու, էդ արարածին անում գլխավոր, դնում մեր գլխին: Իսկ մեր միջից ով հանկարծ ասում է՝ տո էս ի՞նչ եք անում, էս ո՞ւմ եք դնում մեր աղբյուրին ու մեր հեգ գլխներին, ասողն ընկնում է Գալիլեյի օրն ու… դատափետվում:

20 տարի հետո նոր ենք ըմբռնում, որ էդ գլխաշատ արարածը դև ու վիշապ է եղել: Բայց արդեն էլ ի՜նչ. էն տանջված Գալիլեյն սկզբում ի՞նչ ասաց:
Հիշո՞ւմ
եք:
Չե՞ք
հիշում: Մի հատ նորից կարդացեք:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ