ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում հունիսի 4-ին Մոսկվայում հանդիպել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի հետ:

ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է Սլովակիայի հետ շփումների ակտիվացումն ու խորացումը թե՛ միջպետական և թե՛ միջխորհրդարանական համագործակցության ձևաչափերով: ՀՀ խորհրդարանի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի ուրվագծել համագործակցության նոր ուղիներ: Անդրադարձ է կատարվել նաև միջազգային խորհրդարանական հարթակներում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերում փոխգործակցությանը:

Խոսելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման մասին՝ ՀՀ խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված ցուցահանդեսի անցկացումը Սլովակիայի Ազգային խորհրդում:

«Նման միջոցառումներն անչափ կարևոր են: Մենք հետևողական քայլեր ենք կատարում, որոնք անհրաժեշտ են ոչ միայն մեր երկրներին, այլև ողջ աշխարհին»,-ասել է Արա Բաբլոյանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումներին: Արա Բաբլոյանն ընդգծել է, որ մեր երկիրն ընտրեց խնդիրների լուծման ժողովրդավարական ուղին:

«Մեզ համար կարևորը պետության անվտանգությունն է, ժողովրդավարության ամրապնդումն ու հանրության բարեկեցության ապահովումը»,-ընդգծել է Արա Բաբլոյանը:

Անդրեյ Դանկոն իր հերթին կարևորել է բարեկամական ու քրիստոնեական արժեքների վրա հիմնված հայ-սլովակյան հարաբերությունների հետագա ընդլայնումն ու խորացումը: