Թրամփն իր թաուերի կտուրին կանգնած՝ իր էդ թաուերի բարձր «զանգակատնից» բոլորի վրա ինչ ունի՞: Թքա՛ծ: Հա՛, թքած ունի բոլորի վրա: Բոլոր նրանց, ովքեր իրեն սարքել թիրախ, երկու տարի է՝ գլխին ինչ ասես սարքում են, սակայն իրա վե՜ջը չէ. ինքն էլի, ինչ ուզում, էն է անում, ինչ ուզում, էն է քշում, առաջ տանում: Անգամ ամերիկյան ամենակարող ու ամենակուլ մամուլն ու եթերը Թրամփի վրա չկարողացան. ինքն էլի իր բարձր զանգակատնից դրանց վրա իր սիրած գործն արեց, «Ֆեյք-նյուզ» անունով դրանց կնքեց, դրանց հիստերիկայի դուռը հասցրեց:

Հիլարիի ամենակարող կլանն անգամ ձեռքերը վեր բարձրացրեց ու լրիվ թևաթափվեց: Հիլարիի կլանը նույնպես անզոր դուրս եկավ էդ թաուերի տեր «թաուերի» վրա: Իսկապես որ մի «թաուեր» էլ, պարզվեց, ինքն է՝ անհողդողդ, անառիկ, նյարդերը լրիվ, հատ-հատ հեռացրած, հանգիստ:

Իր վրա քանի՜ գործ բացեցին ու իր քանի՜ օգնական «փակեցին», Թրամփի դեմ ինչե՜ր ասել տվեցին, քանի՜ բուլդոգ ու քանի հովվաշուն իրա վրա ֆաս տվին: Իրա վե՜ջը չէ:

Երկու տարի է՝ վրան «կամպրամատ» են դրել-դրստում, ինքն իրա քեֆին, ձեռները ջեբը, լոթի ֆռֆռում, նորից իր շենքի էդ կտուրը ելնում, նորից իր բարձր «զանգակատնից» էդ «կամպրամատի» ու էդ «կամպրամատը» էդպես քրտնփչած հավաքողների վրա վերից վար հավեսով թքում, շվշվացնելով նորից գնում, իրա գոլֆն է շարունակում:

Երկու տարի է՝ գլխին իմպիչմենտ են սարքում, բայց միայն էն բանին հասնում, որ Թրամփը վայ թե երկրորդ ժամկետի էլ գնա, մյուս ընտրություններին էլ մասնակցի ու էլի սիրո՜ւն… հաղթի:

Դե ինչ, հարգանք, պատկառանք , բայց և կենսաբեր ծիծաղ է սադրում նման համբերությունն ու ինքնավստահությունը, բարդույթներից էդքան զերծ լինելն ու կենսունակությունը: Էդ առումով՝ էդ 70-ն անց մարդուն թող նայեն, ամաչեն մեր այն «գործիչները», որ, դեռ բան չարած ու բան չտեսած, էրկու հատ թթու խոսք «ըմբոշխնելով», սկսում են, կյանքից, աշխարհից դժգոհ, առավոտից իրիկուն մռայլ ֆռֆռալ: Չիմանաք՝ իրանք տնից դուրս գալիս, դուրսն են ֆռֆռում. շա՜տ-շա՜տ «լայվերում» են իրանք ֆռֆռում կամ թաքուն Ծաղկաձոր գնում ու վիզ չեն առնում, որ գնացել են…

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ