-Պարո՛ն Գորգիսյան, Դուք ստացե՞լ եք 13-րդ աշխատավարձ:
-Այո՛, ստացել եմ: Բայց դա նորմալ պրակտիկա է, որովհետեւ 12 ամիս մենք աշխատել ենք:
-Բա ինչո՞ւ եք քննադատում:
«Ժողովուրդ» օրաթերթ

Որ մարզերի էսօրվա մեր չինովնիկներն էդ բանը չպե՛տք է անեին, որ չպե՛տք է էդպես իրենց «ինքնաքաջալերեին», արդեն ասել եմ: Բայց, մյուս կողմից էլ, ես ու ինձպեսները, որ էդ բանից դժգոհում ենք, հասկացա՜նք. կյանքում ո՛չ 13-րդ աշխատավարձ ենք ստացել, ո՛չ 14-րդ, բայց որ դժգոհում են նրա՜նք, ովքեր «բախտ» են ունեցել ստանալու էդ չարաբաստիկ 13-րդ աշխատավարձը, այ դրա՛նց, ժողովո՛ւրդ ջան, էկե՛ք, հե՜չ չհասկանանք:

Թափ-թազա՛, «ընդվզո՛ւն», յուղը վրե՛ն «ընդվզուն», «օպոզիցվա՜ծ» մեր երեսփոխան, եթե դու էլ ես ստացել, ինչո՞ւ ես խոսում: Թե էդքան դժգոհ ես, էդ ստացածներդ սա՜ղ տար, հե՛տ տուր: Ասա՝ «քը՛խ» ա, ու տար, ով որ տվել էր, դրա գլխի՛ն տուր:

Բոլո՛րդ, ովքեր ստացել եք, բայց էդ ստանալուն դեմ եք, ցուցակագրվե՛ք, «պետի՛ցիա» գրեք, տարե՜ք, տվողների գլխներո՛վը տվեք, որ սրտներդ նորմալ իրանց տեղներն ընկնեն, ու էդպես չտանջվեք, մե՛ղք եք:

Կա՜մ, պարո՜ն Գորգիսյան, էդ որ ասում եք, թե ստացել եք, բայց Դուք 12 ամիս աշխատել եք ու նո՜ր եք ստացել, այ էդ մի բանը ես բնա՜վ չկասկացա. ընչի Դուք դեկտեմբերի 31-ի՝ լույս հունվարի 1-ի գիշերն ե՞ք պառլամենտ մտել, սկսել աշխատել, որ Ձեր էդ հաշվարկով ձեր աշխատածն էդպես 12 ամիս է ստացվել: Եթե չեմ սխալվում, նախորդ՝ 6-րդ գումարման ԱԺ-ն սկսել է աշխատել 2017-ի մայիսի 18-ից: Իսկ 2018-ին էլ էդ ԱԺ-ն աշխատել է մինչև նոյեմբերի 1-ը: Ոչ 2017-ին, ոչ 2018-ին էդ ԱԺ-ում ձեր աշխատելը, ի՜նչ ուզում ես արա, և՛ էն, և՛ էն տարվա կտրվածքով, 12 ամիս չի անում: Թե՞ կարող է անձամբ Դուք էդ ԱԺ-ի գումարումից առա՛ջ եք սկսել աշխատել և շարունակել եք աշխատել նաև ԱԺ-ն ցրելուց հետո՛: Մե՜ն-մենակ նստած՝ էդ ցրտին բա ո՞նց էիք աշխատում էդ անխիղճ ԱԺ-ում ու էս անխիղճ «ԱԺխարհում»…

Ըստ այդմ, համոզեցիք. շատ էլ լա՜վ եք արել, որ 12 ամիս չաշխատած՝ 13-րդ աշխատավարձ եք ստացել. Ձեր էդ մենության ու տանջվելու դիմաց, լա՜վ եք արել, Դուք Ձեզ պարգևատրել եք, էն մարդկանց համար էլ սիրո՜ւն օրինակ ծառայել:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ