«Մարզպետների, նրանց տեղակալների, տեղակալների օգնականների, քարտուղարների, քարտուղարների օգնականների պարգևատրման հարցն ինձ հետաքրքրում է ոչ թե դրա օրինական, բարոյական, կամ արդարացի լինելու, այլ այդ երևույթի խորքային իմաստի առումով
Նիկոլը պետք է կերակրի թիմը, իսկ թիմը պետք է ապահովի նրա իշխանությունը: Սա է այդ պարգևավճարների իմաստը և դա ընդամենն առաջին ծիծեռնակն է»:
Ստեփան Դանիելյան, քաղաքական մեկնաբան, «Ֆեյսբուք»

Հա՛, ճակատն ուրիշ ճակատ է, բայց փոցխը նույն, ծանոթ փոցխն է:
Սակայն
սրանից վատ տարբերակն էլ կա, երբ նույն փոցխն է, նույն ճակատը:
Այսինքն՝
ոտքդ մի անգամ դնում ես փոցխին, կոթը գալիս է ուղիղ ճակատիդ, հետո, հաջորդ քայլիդ ևս, ոտքդ «խնամքո՜վ» դնում ես նույն փոցխին, կոթն էլի բերում ուղի՜ղ էդ նույն՝ արդեն «փորձառու-կոփված» ճակատիդ: Ստեղ կարող է ասեք, թե էդ մարդը գուցե մազոխի՞ստ է, գուցե հավեսը դրանից գալի՞ս է: Էդպես էլ է լինում, բայց մնացած դեպքերում էդ մարդն ուղղակի մի հատ «ուրիշ բանի» դեֆիցիտ ունի:

Ինչ վերաբերում է մեր քննարկվող դեպքին, երբ փոցխը նույնն է, իսկ ճակատն՝ ուրիշ, ապա ստեղ սոսկ մի ճար կա դրանից խուսափելու: Հարկավոր է, որ ճակատից ներս եղած էդ ամայության տեղակ ա՜յ էն ասածս «ուրիշ բանն» ըլնի: Ճակատիցդ էն կողմ էդ «ուրիշ բանը» չեղավ՝ ճակատիցդ էս կողմ հա՜ պտի սենց ճոխ «ֆասադ» ունենաս: Ճակատիցդ էն կողմ մութ ու փուչ էղավ՝ ճակատիցդ էս կողմ միշտ լա՜վ ճոխ կըլնի ու «ֆանարով» լա՜վ լուսավորված: Ու այսօր այդ փոցխի կոթի հետ շատ սերտ «տետ-ա-տետ» են մտել, փոցխի կոթի հետ «ռանդևու» են անում, ովքեր մեր մարզպետարաններում «Մենք ենք, մեր սարերի» Իշխանի հանգույն իրենք իրենց են դրել-պարգևատրում:

Փոցխի կոթի թունդ սիրահար մեր մեծարգո՛ պաշտոնյաներ, ձեզ պե՞տք էր՝ էդ մի պարգևատրմամբ չուզողների սիրտ փառավորեցրիք: 20-30 տարի է՝ ձեր նախորդները հենց էդ գործին էին, է՜լի: Ինչո՞ւ իզուր դրանց հանեցիք, թե պիտի էսպես իրենց «կյանքի գործը» շարունակեիք: Է նրանք է՜լ էին առավոտից իրիկուն իրենք իրենց բո՜լ պարգևատրում:

Միաժամանակ բնավ համաձայն չեմ հարգարժան քաղաքագետի այն պնդմանը, թե՝ «Նիկոլը պետք է կերակրի թիմը, իսկ թիմը պետք է ապահովի նրա իշխանությունը: Սա է այդ պարգևավճարների իմաստը, և դա ընդամենն առաջին ծիծեռնակն է»: Համոզված եմ, որ Նիկոլն «ինքնապարգևատրման» էդ համաճարակ-վարակի ու էդ ինքնագլուխ «ծիծեռնակների» մասին միայն նո՜ր՝ Ձեզնի՛ց իմացավ:

Հիմնավորե՛մ իմ համոզմունքը:
Միջին
օղակից երես առած ու ինքնագլուխ «երամ» գոյություն չունի: Դրանք անգամ երամ չեն, դրանք ագռավների պես երամ են կազմում միայն այն դեպքում, երբ իրենցից մեկի խաթրին ես կպչում: Մնացած ժամանակ դրանք զբաղված են միայն իրենց բույն իրենց կեր կրելո՛ւ գործով: Ու իրենց բույն կեր կրելն էլ դառնում է իրենց բուն գործն ու անելիքը:

Թեպետ, մյուս կողմից, ագռավը կարգին, խելացի բան է, ինքը իր ճակատից ներս էն «ուրիշ բանի» դեֆիցիտ չունի՝ ի տարբերություն մեր մարզպետարանների հիշյալ «ծիծեռնակների», որ, իրենց թևերն էսպես լայն բացել, իրենք իրենց էսպես «քաջալերում» են: Ա՜յ փետրավորներ, ասենք, մի անգամ էդպես ինքներդ ձեզ պարգևատրեցիք, Նիկոլին էդպես վնաս տվեցիք, Նիկոլը կարծում եք էդ բանը պտի ների ու մարսի՞:

Բնա՜վ:

Մի քիչ համբերեք, մի հատ շունչը տեղը բերի, ձեր գլխին ընե՜նց մի հատ բան բերի, ընե՜նց բմբլահան բոլորիդ անի, որ ՀՀԿ-ի ջանին մնացած էն հատ ու կենտ բմբուլներին ձեր էդ «երամով» երանի տաք: Ընե՜նց ձեր ջարդը տա, էդ փոցխի կոթը ընենց ձեր էդ դում ճակատներին բերի, որ ձեր ճակատների նոր «ֆանարների» նոր լույսի ներքո նոր տեսնեք, թե ինչ սխալմունք արիք:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հ.Գ. Ինչ վերաբերում է «ամենայն հայոց» Ջրային կոմիտեի նախագահուհո՜ւ «ինքնաքաջալերում-ինքնապարգևատրմանն» ու, իր ասածով, էդ փողը «Իմ քայլը» հիմնադրամ «ընծայաբերելուն», ապա, ա՛յ, հենց նման մի «ընծայի» «շնորհիվ» էր, որ էն անառիկ Տրոյան ընկավ