Օրերս իրազեկված ու իրազեկող որոշ աղբյուրների ձեռքն է ընկել Մանվել Գրիգորյանի ամենաթարմ «մալյավը», որը «քսիվի» առավել տանջված տարատեսակն է, ու որտեղ մա՜նր տառերով «պաբիրոզի» թղթի վրա Մանվելն ի լուր ալամ աշխարհի իր դարդն է հայտնում:

Ահավասիկ բերվում է սույն «մալյավի» «օրիգինալը»:
«Արա, կամ բռնեք ու էլ բա՜ց մի թողեք, կամ բաց թողեք ու էլ չբռնեք: Կարող է՞ ձեզ համար թափթփված կնկա տապուշկի թայ եմ կամ սկլերոտիկի ակնոց. ստեղ թողնում եք, ընտեղ գտնում եք: Առավոտ բաց եք թողնում, արա, իրիկունը՝ նորից տանում-փակում, արա՞:

Կամեռում արդեն ոչ բարև են տալիս, ոչ մնաս բարով ասում, «դասվիդանյա» են կամեռում ասում ու վրես հռհռում: Տնեցիք էլ են արդեն լրիվ զզվել իմ էդ գնալ-գալուց: Գալիս եմ տուն, արդեն ոչ մեկը մի հատ սկի մոտի՜կ չի գալիս. գիտեն, որ էս է, գալու են, տանեն: Մենակ հարցնում են.«Հաց պտի ուտե՞ս, թե՞ սպասես, գան-տանեն, ընտեղ ուտես»:

Մի հատ էլ հանկարծ որ ուզեցաք բաց թողնել, ո՜չ էլ էլ գնալու եմ: Մինչև գոնե մի շաբաթ չբռնելու նորմալ գառանտիա չտաք, ես իմ կամեռը էլ չեմ լքելու, տեղիցս չեմ շարժվելու:

Կնիկս էլ ընտեղ արդար դատավորի կարոտից է մաշվում, անօրեննե՜ր: Բայց ո՞ւր է, չկա՜. դեֆիցիտ է դարձել: Իսկ մեր ժամանակ, ո՛ր դուքանս մտնեիր, դատավորները, բոլուկո՜վ, քեֆները հազար, նե՜նց քեֆ էին անում, որ քրեական օրենսգրքի մերն էր իրա տեսածից ձենով լաց ըլնում: Հիմա չորացան. ոչ մի օբյեկտում ոչ մի դատավոր նմուշի համար չես գտնի էս երկրում: Հետաքրքիր է, էդ դեպքում դրանք ինչո՞վ են զբաղված:

Դառնանք նորից ինձ: Ես է՜լ էի զնդանումս գերի պահում. ըսենց էի՞ պահում, ոնց որ ինձ են սրանք պահում: Հլա տուշոնկեքիս բան էիք ասում, մի հատ տուշոնկա ինձ նման էսպես, էդքան տարվա մեջ, հարցրե՛ք, փչացա՞վ ու շարքից դուրս եկա՞վ:

Սույնով դիմում եմ ալամ աշխարհին: Մի հատ էս մեր բիրտ «վերտուխայներին» հասկացրեք, որ ես իրանց համար «բեբսբոլի» գնդակ չեմ, արա, շպրտում, հետևիցս վազում, նորից բռնում են: Ես «բեբսբոլից» զադ չեմ հասկանում, արա՜: Աչկո էին ստեղ մենակ հետս խաղում, էն էլ՝ էլ չեն խաղում. խաղը կիսատ եմ անընդհատ թողնում, որովհետև, մեկ էլ տեսար, միամիտ դնում, բաց են թողնում, մինչև նորից բռնում, էլի հետ են բերում, էդ օրը խաղն արդեն պրծած է լինում, ու ինձ պարտություն են դնում-գրանցում: Ձեր պատճառով վրես արդեն ընենց թավան կա դրած, որ ինչ օբյեկտ կա, ծախեմ՝ էդ թավանի մենակ տոկոսը շատ-շատ դնեմ-փակեմ:

Ըստ այդմ՝ էդ նույն ալամ աշխարհին նաև խնդրում եմ, որ միջնորդեն՝ էդ ՄԻԵԴ-ը վրիս թավանը փակի, թե չէ ինձ ըստեղ նե՜նց կկորցնեն, որ էլ չեն գտնի: Սամվել Մայրապետյանի «թավանը» բա ո՞նց դրիք-փակեցիք, ես իրանից պակա՞ս հիվանդ եմ, արա՞:

Մի խոսքով՝ մնամ սպասող ձեր պատասխանին ու ձե՛ր «մալյավին». ձեր տանջալլո՜ւկ, անհանգի՜ստ պանդուխտ, գնացած-հետ էկած, ոնց որ ստեղ՝ կամեռում են ասում՝ Անդադար Մանվել:

Հ.Գ. Թե Սամվելի պես ի՛նձ էլ փող ճարիք, փողը կուղարկեք օֆշորներիցս մեկի հաշվարկային հաշվին: Հաշիվը, հասկանալի պատճառներով, ստեղ չեմ գրում. «մալյավ» բերողը, ՄԻԵ՛Դ ջան, ականջիդ կասի»:

Դե ինչ, մեծարգո օրինապահներ, որ վերցնենք, էդ, հեռո՛ւ իրանից, մարդը ճիշտ բան է ասում. կամ տարաք՝ պահեք, կամ չեք պահելու՝ միանգամից էլ ոչ էլ տարեք: Էդ մարդը ձեզ համար հո «դուխովկա» դրած «գրի՞լ» չէ, որ ժամով փակում եք, ժամով ֆռռցնում, ժամով դուրս հանում:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ