«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը հրապարակվել է e-draft.am կայքում՝ տեղեկացնում է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը։

Փաթեթի հեղինակը ֆինանսների նախարարությունն է։ Այն որոշ ժամանակ կմնա e-draft.am կայքում, որից հետո կգնա կառավարություն և դրական եզրակացություն ստանալու դեպքում կներկայացվի խորհրդարանին։

Նշվում է, որ նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է բարելավել գործարար և ներդրումային միջավայրը, բարենպաստ պայմաններ ստեղծել միկրոձեռնարկատիրության զարգացման համար, բարձրացնել ազգային տնտեսության մրցունակությունը, նպաստել արտահանմանը կողմնորոշված արտադրությունների զարգացմանը, տնտեսական աճի համար ապահովել կայուն նախադրյալներ։

Նախագծերի փաթեթի հանրային քննարկումներին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիներ, ովքեր կարող են քվեարկել, կարծիք թողնել, ինչպես նաև առանձին նամակով առաջարկություններ ուղարկել։