Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը 2018 թվականի պետական բյուջեով հատկացված գումարից տնտեսել է 26 մլն 173 հազար դրամ և վերադարձրել է պետական բյուջե, իսկ նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցներից տնտեսել է 230 մլն 131 հազար 779 դրամ։ Այս մասին Facebook-ում գրառում է կատարել արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ հստակեցնելով, որ պետական բյուջեով Ծառայությանը 2018 թվականի համար հատկացվել էր 1 մլրդ 356 մլն 758 հազար դրամ, որի շուրջ 84%-ը՝ որպես աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ:

«ՀՀ կառավարության՝ 2018թ. համապատասխան որոշմամբ Ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի 2018 թ. տարեկան նախահաշիվը կազմել էր 1 մլրդ 780 մլն 514 հազար 100 դրամ, որի 42%-ը սահմանված էր որպես աշխատավարձի ֆոնդ։ Ավելին, 2018 թ. Ծառայությունը նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցներից 142 մլն դրամն ուղղել է իրավաբանական և ֆիզիկական անձանց պատճառված վնասների հատուցմանը (որոնք առաջացել էին նախկինում դատական և վարչական կարգով ոչ իրավաչափ ճանաչված վարչարարության հետևանքով). 01.01.2019 թ. դրությամբ Ծառայությունը պարտավորություններ չունի», -գրում է Արտակ Զեյնալյանը։

Նախարարը նկատում է, որ գումարների բռնագանձման, կատարողական վարույթների հարուցման ու կարճման ոլորտում ևս ունեցել են ցուցանիշների էական դինամիկա. «2018թ. ընթացքում Ծառայությունը ընթացք է տվել 2 մլն 702 հազար 813 կատարողական վարույթի։ 2017թ. ցուցանիշը շուրջ 68.9%-ով գերազանցվել է։ 2018թ. կարճվել են նաև 1 մլն 725 հազար 919 կատարողական վարույթներ։ Այս ցուցանիշը շուրջ 275.5%-ով ավել է 2017թ. ցուցանիշից (պայմանավորված է վարչական ակտերի համաներմամբ)»։