Առողջապահական բյուջեն աճել է ավելի քան 10 մլրդ դրամով։ Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը և ներկայացնում 2019 թվականին սպասվող ծրագրերը, որոնք ներկայացնում ենք ստորև․

Տարեկան շուրջ 250 պացիենտ սուր իշեմիկ ինսուլտի դեպքում բուժում կստանա պետպատվերի շրջանակներում։

Տարեկան շուրջ 200 պացիենտ կստանա ճառագայթային բուժում ժամանակակից գծային արագացուցիչների վրա պետպատվերի շրջանակներում։

Շուրջ 1000 պացիենտ կստանա բուժում հեպատիտ Ց-ի դեմ պետպատվերի շրջանակներում։

Քայլեր է ձեռնարկվելու համապարփակ բժշկական ապահովագրության ներդրման հայեցակարգ մշակելու ուղղությամբ։

Շտապօգնության ծառայության աշխատանքները բարելավելու և կանչերը հասցեական կազմակերպելու նպատակով բարեփոխումներ են կատարվելու։

Երևանում և մարզերում կմեկնարկի պալիատիվ խնամքի փորձարարական ծրագիր։ Քննարկվում է նաև ծառայությունը ստացիոնարում ներդնելու հնարավորությունները։

Մշակվել և կառավարություն են ներկայացվել դեղերի օրենքից բխող նախագծեր, որոնց միջոցով կկարգավորվեն դեղերի ներմուծման և արտահանման, գրանցման կլինիկական հետազոտությունների, հետ կանչի և շրջանառության դադարեցման, պատշաճ արտադրական գործունեության և այլ մեխանիզմներ։

Դեղատոմսով բաց թողնվող դեղերի կարգի լրամշակման նպատակով կշարունակվեն հանրային քննարկումները։

Չարորակ հիվանդությունների վիրահատական բուժումը հանվել է համավճարային եղանակով փոխհատուցվող ծառայություններից, և այն բացառապես կիրականացվի պետական պատվերի շրջանակներում ամբողջ բնակչության համար։

Վերարտադրողական առողջության բարելավման նպատակով պետպատվերի շրջանակներում աջակցություն կցուցաբերվի անպտղություն ունեցող զույգերի հետազոտման և բուժման գործընթացի կազմակերպմանը։

Առողջ ապրելակերպը սկսվում է դպրոցից․ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ ցածր դասարանի աշակերտներին առողջ ապրելակերպ ուսուցանելու նպատակով։

Վերսկսվելու է բժիշկների ժամանակավոր ուղեգրման ծրագիրը և մարզերից ներկայացված հրատապ կադրային պահանջարկի դեպքում՝ Երևանից կարճ ժամանակահատվածով համապատասխան բժիշկ մասնագետներ կգործուղվեն մարզեր։

Ձեռք է բերվելու շարժական մամոգրաֆիկ սարք և նախատեսվում է սկրինինգային հետազոտությունները սկսել Լոռու մարզից։