Քյավառցու կինը գիշերն անկողնում իր խմուկ-քնուկ ամուսնուն ձեն է տալիս.
-Գյա՜…
-Հա՜,- քնաթաթախ պատասխանում է ամուսինը:
-Սպի՞շ…
-Սպո՛ւ…
-Դե սպա՛, սպա՛,- հոգոց է հանում կինն ու դժգոհ շուռ գալիս:

Այ հենց էդպես էլ մեր նախկին իշխանություններն էին մեր «ազատ-անկախ» հեռուստաալիքներին էդ «ստուգողական» հարցն ուղղում ու նորից մյուս կողմի վրա շուռ գալիս՝ մի տարբերությամբ. իրենք, հակառակ քյավառցու կնկա, գո՛հ էին շուռ գալիս: Ընդ որում՝ էդ «ստուգողական» հարցն իրենք անձամբ չէին ուղղում, իրենց «խոսափողների» բերնով էին ուղղում: Արդյունքում՝ համ իրենք էին էդպես գոհ մնում, համ մրափածը:

Իսկ ամենավատն էլ այն էր, որ ոմանք էլ այդ մրափին «ազատություն ու անկախություն» էին հետն էլ անվանում ու բղավում, թե էդ «ազատությանն» ու էդ «անկախությանն» (այսինքն՝ էդ նիրհի՛ն) հանկարծ ձեռք չտա՜ք
Ու
հիմա այսօր էլի ձայներ են լսվում, թե էդ քնից դրան հանկարծ ձեն չտան: Ոնց կա, թողնեն մնա: Բա իհա՜րկե, անխղճություն է քնածին քնից հանկարծ հանելն ու դիվադադար անելը, թող էդպես անուշ քնած էլ մնա: Սակայն քնածը ի՞նչ պիտի ասի. շատ-շատ քնի մեջ անկապ բարբաջի կամ անկապ-անդուր խռմփացնի, իրեն լսողի նյարդ փչացնի:

Նախկին իշխանություններն էդ քնածին, մեկ-մեկ ձեն էին տալիս, քնից հանում, դրան իր բարբաջանքի ու խռմփոցի դիմաց մեդալ ու պարգև տալիս, տակը փոխում, նորից ղրկում նիրհելու, նիրհին այդ նորից «եթերի ազատություն ու անկախություն» ասում
Ու այսօր էլի էդ քնածը դեռ քնից չի զարթնել, քանզի նախկին իշխանությունները վայ թե էն ժամանակ էդ պարգևները բաժանելուց հետո՝ շամպայն խմելիս, դրանց բաժակը քնաբեր հաբ էին մի-մի հատ գցում: Ու դրանք էդպես էդ քնաբերին էնքան վարժվեցին, որ քունը դարձավ խրոնիկական, ու… կոմա ընկան: Իսկ «անեսթեզիոլոգներին» էլ դրանց էդ անուշ քունն էր ձեռնտու, ուստի արհեստական ապարատների ու սննդի կապեցին, որ շունչը չփչի, բայց քնից էլ չզարթնի:

Ու այսօր սույն «ազատությունն ու անկախությունն» այս նիրհի տեսքով ուզում եք էլի՞ շարունակվի:
Է
քնածը հարկա՛վ «ազա՜տ-անկա՜խ» է իր երազներում: Մի հատ ձե՜ն տվեք, տեսնեմ՝ էլի՞ էդպես անկախ կլինի, երբ ինքը դաժան էս իրականությունը ոչ թե իր երազներում տեսած իր ստացած էդ մեդալների՛ գույներով ներկի, այլ այդ իրականությանը հարթմնի՛ ստիպված բախվի:

Հա՛, քնից դրան արթնացնել է պետք, մի հատ սառը ցնցուղի տակ դրան պահել ու թարմացնել է պետք, բարբաջանքի տեղ դրանից կապակցված խոսք պահանջել է պետք, աչքերը բացել ու բա՛ց աչքերով իրականությանն սթափ նայել տալ է պետք, քանի դեռ դրանից լրի՛վ չեն հոգնել ու չեն անջատել դրան արհեստական սնող ապարատներից

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ