Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր Դիարբեքիր կատարած նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարել է, որ չի բացառվում, որ թուրքական զինված ուժերը ռազմական օպերացիա իրականացնել Իրաքի Քանդիլի շրջանում: Այս մասին հայտնում է Anadolu լրատվական գործակալությունը: Էրդողանն իր խոսքում նշել է, որ Քրդական հարցը պետք է կարգավորվի եւ ակնարկելով Սիրիայում իրականացրած օպերացիաները, ասել է, որ արդեն որոշ քայլեր այս ուղղությամբ կատարվել են: Էրդողանը Թուրքիայի առջեւ ծառացած թիվ մեկ խնդիրը համարել է ահաբեկչության կանխումը: Ինչպես իր հերթին հավելում է «Արեւելք» հանդեսը, Էրդողանի այս հայտարարությունից հետո թուրքական մամուլում հայտնվել էին լուրեր, ըստ որոնց թուրքական զինված ուժերի ցամաքային ստորաբաժանումները ներխուժել են Հյուսիսային Իրաք՝ ռազմական գործողություններ իրականացնելու ընդդեմ քրդական աշխարհազորի: Նշենք, որ մինչ այս թուրքական կողմը քրդական զսպման քաղաքականությունն իրականացնում էր միայն ավիահարվածներով, սակայն արդեն այսօր Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է, որ Հյուսիսային Իրաքի Քանդիլի հատվածի ուղղությամբ թուրքական ստորաբաժանումները խորացել են արդեն 26-27կմ: