Անձամբ ես մոտավորապես 5 «հույժ կարևոր» ու «շշմեցնող» բան հասկացա «պոստէյնշտեյնյան» «նեոհարաբերականության» տեսության ռահվիրա, «սյուրռելյատիվիզմի» հիմնադիր, մեր՝ տեղում տիտիկ չանող, մեր «տիտիկատյա՛ց» նախագահ Արմեն Սարգսյանի աբուդաբյան ելույթներից:

Աբու Դաբիի իր էդ ելույթները դարձան ադի-բուդի՝ փքված, մեջը փուչ:
Ահա թե ի՛նչ էդ ադի-բուդիից հստակ հասկացա:

Առաջին, որ 21-րդ դարը ոչ թե է՛ն երկրներինն է, որ մեծ տարածք ունեն, մեծ հարստություն, մեծ ռեսուրս ու օգտակար հանածո, այլ նրանցը, որ ոչ մի բան չունեն ու գնալով լրիվ են ամեն բանից զրկվում (քանզի «Բուլկիները» դնում, ինչ մնացել էլ է, էդ էլ են մանրից ծախում): Թե ինչո՛ւ հենց տե՞նց, Արմեն Սարգսյանը իրա՝ դեպի անվերջությո՛ւն՝ դեպի ո՛չ որևէ կոնկրետ տեղ հառած ու լռած իր հայացքին սոսկ արժանացրեց:

Երկրորդ, հասկացա, որ ճիշտը արհեստական բանականությունն է, իսկ մեր էս ունեցած, մեր էս էղած բանականությունը սուտի-մուտի բան է, էսօր կա, վաղը չկա: Ու գիտե՞ք, կոնկրետ ինձ իրա ասածը համոզեց, քանզի իրա ասածները որ լսում ես, բանականությունդ տեղում… կորցնում ես:

Երրորդ, հասկացա, որ բոլորն ու բոլորս հայաստանցի ենք, անգամ եթե… հայաստանցի չենք: Եւ ըստ այդմ՝ չհասկացա ինքն էմիրաթցիներին է՞լ նկատի ուներ որպես հայաստանցու:

Չորորդ, հասկացա, որ 30 տարի հետո այլևս ո՛չ բժիշկ է լինելու, ո՛չ իրավաբան: Հարցնո՞ւմ եք՝ ինչու: Ի՞նձ ինչ եք հարցնում. գնացեք ասողին հարցրեք՝ ինչո՛ւ: Ես սոսկ կարող եմ կռահել, թե ինչու մեր նախագահը նման բան ասաց: Երևի ինքը մտածում է, թե քանզի շուտով հրաժարվելու ենք նորմա՜լ, «բնական» բանականությունից, ու համատարած արհեստական բանականությամբ արարածներ են սոսկ էս հեգ աշխարհում ֆռֆռալու, ուստի դրանց ինչի՛ն է թե՛ բժիշկը, թե՛ իրավաբանը:

Եւ, հինգերորդն էլ էն հասկացա, որ փնտրենք ոչ թե աշխատանք, այլ կյանքի առաքելություն:

Դե ինչ, ժողովո՛ւրդ ջան, հոյակա՜պ միտք է, մանավանդ որ աշխատանք փնտրելը դժվար գործ է: Լսե՛նք Արմեն Սարգսյանին ու այսուհետև ոչ թե աշխատանք փնտրենք, այլ մեր կյանքի առաքելությունը սենց մեր ֆռֆռալն ու ուտել-խմելն անենք, էս էմիրաթից էն էմիրաթ ընկնենք, քանզի «է՜դ ա մնում»… Ֆռֆռացեք, քանի արհեստական բանականությամբ արարծները չեն էկել մեզ ստեղից լարել, մեր տեղը զավթել…

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հ.Գ. Ինչ վերաբերում է սույն «ռելյատիվիստական էկոնոմիկայի», սույն «քառաչափ տնտեսագիտության» դասախոսություններին Հրանտ Բագրատյանի՛ ունեցած անդրադարձին, ապա, որպես տնտեսագետի, արդյո՞ք իր համար բավարար է, որ ինքն էրկու տողով է սոսկ անդրադառնում ջրի ու նավթի արմենսարգսյանական լինել-չլինելուն ու մի կողմ քաշվում: Աբու Դաբիում ՀՀ նախագահի ասածի առնչությամբ ընդամենը գրեթե այս է Հրանտ Բագրատյանն ասում. «Ջուրը վերականգնվող ռեսուրս է, իսկ նավթը՝ ոչ»։

Էս, ենթադրենք, պարո՛ն վրդովված Հրանտ Բագրատյանի ասելիքի վերնագիրն է: Բա հետո՞: Վերնագիրը պրծնում է, ասելիքն էլ հետն է տեղում պրծնո՞ւմ: Մի հատ, դի՛ր, նորմալ, տնտեսագիտորեն էդ մարդուն սիրո՜ւն բացատրիր ու նախապատրաստիր, որ հաջորդ անգամ հաջորդ ամբիոնից վեր չկենա, նման «չհամակապակցված» բաներ էլի ասի: Եւ, երկրորդ, պարո՛ն Բագրատյան, խոսքը մեր մեջ, Ձեզ է՛լ ես լավ չհասկացա,երբ ասում եք, թե «ջուրը վերականգնվող ռեսուրս է»: Լավ է, որ մյուս նախադասությամբ էլ չեք ասում՝ «մանավանդ ամիրաթների-անապատների համար»: Էդ միամիտ շեյխերին ինչո՞ւ եք նման թյուր ինֆորմացիա տալիս: Որ գնան, արխայի՜ն, ո՜չ մի բան չանեն, սպասեն ջուրն իրենց անապատներում, ուր ո՛ր է, է՛ս է, կվերականգնվի, ֆշշալով կգա՞: Մանավանդ որ էդ բանն ինքը Հրանտ Բագրատյանն է վստահ հայտարարե՞լ…