Փաշինյանական կառավարության անդամները խոսելուց առաջ պետք է լավ մտածեն, ինչպես ասում են՝ 10-ը չափեն, մեկ կտրեն: ԿԳնախարար Արայիկ Հարությունյանը Երկրի հարցը հաղորդման ժամանակ հայտարարել է, թե հատկապես Երեւանում դպրոցների տնօրենները հաճախ պաշտոնյաների բարեկամ, հարեւան են, սիրուհի, մերձավոր ընկերական շրջապատից են: Ընդամենը մի քանի օր աշխատած մարդու համար նման հայտարարություն անելը առնվազն անհամեստություն է եւ վիրավորանք դպրոցի տնօրենների համայնքին:

Նախ, պարոն Հարությունյան, ձեր թիմի անդամները եւս պաշտոնի են նշանակում իրենց մտերիմներին, բարեկամներին, ընկերներին, իսկ սիրուհիների մասով կլռենք, քանի որ ձեր պես, մենք էլ փաստեր չունենք, բայց ի տարբերություն ձեզ, չենք շտապում անհիմն հայտարարություններ անել: Պետք չէ համահավասարեցնել բոլորին, մի՞թե մայրաքաղաքում չկա մի տնօրեն, ով ընդհանրապես որեւէ մեկի բարեկամը կամ սիրուհին չէ, կամ թեկուզ ընկերական շրջապատից է, բայց հիանալի է աշխատում, տիրապետում է իր գործին:

Սերժին մերժելով՝ մերժում եք բոլորին, այդպես չի կարելի, համընդհանուր մերժմամբ որտե՞ղ կհասնենք: Սա պետություն է, որի բոլոր օղակները լավ, թե վատ աշխատել են տարիներ ի վեր, դուք հո չե՞ք եկել ամեն ինչ ջնջել եւ սկսել նորից, եթե այո, ուրեմն՝ այս երկրի զարգացումը 50 տարով ետ կընկնի:

Հրաչյա Սարգսյան