«Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը որոշել է միջանկյալ միջոց կիրառել Սամվել Մայրապետյանի գործով և ցուցում է տվել Հայաստանի կառավարությանը շտապ կերպով ապահովել Սամվել Մայրապետյանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն։ Վստահ եմ՝ սա առաջին նման որոշումն է, բայց ոչ վերջինը: Սա բոլորի ու առաջին հերթին ՀՀ հարկատուների խնդիրն է։ Պետք է բացառել այն իրավիճակը, երբ ընդգծված ոչ պրոֆեսիոնալիզմը, շտապողականությունը, ղեկավարին «լավ արդյունք» ցույց տալու անզուսպ մղումը կբերեն անդառնալի հետեւանքների»։

Արփինե Հովհաննիսյան

Ով կապուտաչյա, բայց անմասնակից հայացքով «գերող» գեղուհի, էդ ո՞ւմ ես ասում, թե մեր իրավապահ մարմինների, մեր դատարանների ոչ պրոֆեսիոնալ որոշումների պատաճառով մենք, մեր հարկատուները ֆինանսական կորուստ ենք կրում, թե եվրոպական դատարանը մեզ այսօր ծախսի ու տույժի տակ է գցում: Բա մոռացել ե՞ս ախր, դիցուհի՛, թե ոնց էին ձերոնք աջ ու ձախ, վե՜ր-վա՜ր հնձում-նստեցնում, հետո դրա դիմաց, նույն եվրոպական դատարանի ցուցմամբ, երկրի՝ նույն էդ քո ասած բյուջեից «կոմպենսացիա» անում: Քաղցր օգտագործի՛ր, քա՜ղցր ջան, քաղցր կեր. հիշողության համար շատ է օգտակար:

Էդ երբվանից էդպես քաղաքակիրթ ու զարգացած դարձաք, ո՜վ եվրոպական էն ամենադա՜խ-քոքվա՜ծ-տոհմի՜կ ազնվականների հեռավոր, անհաս մուրազ ու երազ, էդ երբվանի՞ց ձեզանում կարծիք ստեղծվեց, թե դուք (ձեր ստեղծած երբեմնի իշխանությունը նկատի ունեմ) անաղարտ կույս ու կուսակրոն աբեղաներ եք, թե եվրոպական էդ դատարանը ձեզ դրած գլխին պտտեցնում էր, ձեր ժողովրդավար անունով երդվում: Իսկապե՜ս որ քաղցր քիչ եք գործածում. չլինի՞ էսօրվա ձեր աղքատիկ թոշակը չի բավականացնում:

Մայրապետյանի գործից ես խոսում, բայց Մարտի 1-ը լրիվ մոռանո՞ւմ: «Ա1 պլյուս»-ն էլի դուք չէի՞ք՝ փակեցիք, «Նոյյան տապանը» դուք չէի՞ք՝ փակեցիք:
Կա՜մ,
էդ նույն Մայրապետյանն էն ժամանակ, գեթ կեսբերա՜ն, ելա՞վ ընդդեմ հակաժողովրդավար այդ վճիռների, էդ նույն եվրոպական դատարանին ինքը մի հատ դիմում գրե՞ց-ղրկեց, որ Հայաստանում փակվեցին վերջին անկախ ալիքները:
Ու
հիմա ասածս էդ կապույտ աչքերդ անմեղ-անմեղ ու իբր բանից անտեղյակ թարթում ու անմասնակից էդ հայացքովդ նե՜նց ես չքմեղ ձևանում, որ չիմացողի սիրտ ես անգութ ճմլում:
Գնա՛,
աղջի՜կ ջան, գնա՛, քեզ ուրի՛շ շրջապատ գտիր. եվրոպական դատարանը վաղո՛ւց է ձեզնից հոգնած, զզված ու հիասթափված:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ