Մի կերպ «ծայրը ծայրին հասցնելով»,սրա-նրա առաջ լողալով ու դողալով` Սամվել Ալեքսանյանը ջանում է իր բիզնեսը ծաղկեցնել` «աչքաբաց» գործարարների հանգույն փորձելով գործել իրավիճակին համապատասխան: Ընդամենը դեռ երեկ էր, որ նրան պատկան «Երևան սիթի» սուպերմարկետների ցուցափեղկերում հայտնվեց «Նիկոլը մեր ախպերն ա» գրությամբ օղի: Գինն էլ` ջրի գին`250 դրամ: Այդ հետո է, որ կոշիկի կրնկի ռեզինից քաշած օղին դառնալու է բրենդայինի գնի: Հիմա ինքը մեր գործարար ախպոր քսակը միառժամանակ կբարակացնի, բայց հետո ժամանակի մեջ կանի իր անելիքը:

Օղին մի կարգին ռասկռուտկա չարած` Սամվել Ալեքսանյանը հիմա էլ մտել է մեկ այլ բեռան տակ` սկսելով թողարկել «Նիկոլ» անունով շոկոլադ: Սրանում, ինչպես տեսնում ենք, Նիկոլի եղբայր կամ հորեղբայր լինելու մասին վկայություն չկա, սակայն քաղցրեղենի վրա վարչապետի անվան դրված լինելն ուղղակի վկայում է Լֆիկ ախպոր նկատմամբ Նիկոլ ախպոր ունեցած շակալադ վերաբերմունքի մասին, ինչը հաստատվեց նաև խորհրդարանական վերջին ընտրություններում Նիկոլի աներձագին տված ձայների գիտակցված կազմակերպումով:

Դժվար է ասել, թե Նիկոլի անվան հետ կապված ինչ նոր արտադատեսականի կթողարկի Սամվել Ալեքսանյան բարի համբավի տեր գործարարը, բայց որ նա դեռևս քայլեր չի ձեռնարկում իր ազիզ ախպոր ընտանիքի մյուս անդամների անուններով ապրանքներ թողարկելու ուղղությամբ, սա լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս:

Գուցե ցամաքելու միտումներ է դրսևորում նրա վառ երևակայությունը, ինչին խորապես կասկածում ենք, սակայն բոլոր դեպքերում կուզենայինք հուշած լինել, որ հանգիստ կարող է կազմակերպել կանացի ու առհասարակ սանհիգենիկ պարագաների, ներքնաշորերի, արդուզարդեղենի, հեղուկ օճառի և այլնի արտադրություն, որոնց պահանջարկը պակաս մեծ չէ հայրենական շուկայում:

Սրանք խնդիրներ են, որոնց նկատմամբ գործարարը պետք է աչալուրջ լինի և չուշանա անելիք քայլերով, որովհետև դաշտը անտեր չթողնելու մտահոգությամբ տառապողների պակաս չկա: Առհավատչյան` «Դուխով» գլխարկները, նույնքան «Դուխով» բանաները: Բացի այդ մի «Նիկոլը մեր ախպերն ա» օղիով ու մի «Նիկոլ» անունով շոկոլադ թողարկելով` շատ հեռուն չես գնա:

Բոլոր դեպքերում ապագա սերնդին «Լֆիկ Սամոյի հաջողության գաղնիքները» վերնագրով գրքերի, գիտական ուսումնասիրությունների համար պիտի հնարավորինս շատ նյութ թողնել: Հենց սա նկատի ունենալով` ինչու նրան հուշելով գլխի չգցել, որ կարելի է ինչ-որ բանի արտադրություն կազմակերպել «Մի ախպերության մասին պատմություն» կամ «Աննա Հակոբյանը` մորաքրոջս թոռ» անվանումներով: Նոր սերունդը կուսումնասիրի, թե այդ ինչպես պատահաբար բացահայտված բարեկամությունը դրեց շոկոլադների, օղիների, բնական հյութերի, խմորեղենի, առհասարակ հայաստանյան տնտեսությունը պայմանավորող նոր տեսականիների արտադրության հիմքը: