«Մենք փոքր երկիր ենք, բայց համաշխարհային-համակապակցված ազգ»…

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան, նոր խորհրդարանի իր բացման խոսքից

Հա՛, «համաշխարհային համակապակցված ազգ», բայց շա՜տ«չհամակապակցված» ու վախենալու ֆրազ: Արմեն Սարգսյանն, ինչպես միշտ, ռելյատիվիստական ոգով է արտահայտվում:

Միայն ափսոս մի բան գլխի չի ընկնում: Չի ընկնում, որ հիացմունքից աչքերն էդպես թացացնելով ու թրթռացող ձայնով էդքան ուրախ-հպարտ արտաբերելով «համաշխարհայի՜ն-համակապակցվա՜ծ ազգ» ֆրազը՝ գնացողների սիրտն է խանդավառում ու էդ պաթոսով դրանց ավելի թունդ քաջալերում, «ոդիսևսյան նոր սխրանքների» մղում:

Հերիք չեղա՞վ՝ աշխարհով մեկ լինենք, թե «համաշխարհայի՜ն ազգ ենք, աշխարհասփյո՜ւռ». ըստ իս՝ էդ բանը ողբերգություն ու լալո՛ւ բան է ու ոչ թե Արմեն Սարգսյանի պես հիացմունքի՛ց, այլ ցավի՛ց արցունքակալվելու բան:

Հիմա ի՞նչ, իր էդ ասածն ինչպե՞ս հասկանանք. որպես գնալու մի նոր կո՞չ, հորդոր, որ հավեսի ընկնեն ու «համաշխարհային-համակապակցված ազգին» վայել հպարտությամբ վերստի՞ն տոգորվեն, վերստի՞ն գաղթեն: Ախր նման բան հնչեցնողը, փաստորեն, այդկերպ գաղթն է գովազդում:

Իրե՞ն ինչ կա. ինքն իր՝ «համաշխարհայի համակապակցված ազգ» էդ չհամակապակցված ֆրազը վռազ ասաց, Նիկոլին վռազ վարչապետ «դրեց» ու թռավ վռազ ուղիղ Ադի-Բուդի՛հազա՜ր ներողություն, ուղիղ Աբու Դաբի՛:

Գնաց՝ մասնակցի Աբու Դաբիի՛ կայունությանը նվիրված՝ մի շաբաթ տևող ու ճո՜խ ֆորումին (հա՛, էդ մարդն էդպիսին է. մի ժամ ստեղ է, մի շաբաթ՝ աշխարհի ցանկացած անկյունում, իր էդ գրաֆիկով ինքը օրինակ է ծառայում «համաշխարհային-համակապակցված» իր ազգի համար):

Լա՜վ է, է՜լի. մերոնց հարաբերական կայունությունն էս մի ֆրազով էդ մարդը, դնում է, տակն ու վրա է անում ու Աբու-Դաբիի՛ կայունությունն է գնում-փայփայում:

Բա ո՞նց, չէ՞ որ ինքը մեր «համաշխարհային-համակապակցված ազգի Մովսե՛սն» է դարձել, ու, կըլնի արդեն 40 տարի, ընկած աշխարհեաշխարհ, իր ազգն է հավեսի գցում ու «համակապակցված» գաղթի ստարտի հանում իր չհամակապակցված նման արտահայտություններով, որ ազգը նույնպես ընկնի աշխարհեաշխարհ, վերջնականապես ու անդառնալի՛ դառնա «համաշխարհային ու համակապակցված»:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ