«Ղաբոչե-կղեստյանսկայա ղևալյուցիա, ա նեաբխաձիմըսծի կատողըյ վսյո վղեմյա գավաղիլի թավշևիկի, սավեղշի՛լաս»…

Եւ ուրեմն ասենք՝ շնորհավո՜ր մեր նոր ԱԺ-ի՜ն:

Ասենք՝ շնորհավո՜ր նոր Վարչապետին:

Բնականաբար, նաև մյուս բոլո՜ր, բոլո՜ր, բոլորի՜ն, որ եկան հենց նոր և ունեն շնորհ, ասենք՝ շնորհավո՜ր:

«Պղոլետաղիատի ու բոլոր մյուս շահագողծվածների աղաջնորդի» վերևում հնչած ձայնին ձայնակցենք՝ մի հատ կարևոր ցուցակ հրապարակելով: Ցուցակում կետ-կետ, թեզիս առ թեզիս նկատենք, թե նախկինում բոլոր շահագործվածներն ինչ պիտի վաղը պահանջեն շնորհավորված շնորհավորներիցդ:

Առաջի՛ն, հեղափոխական տոկունություն ու քաջառողջություն: Սկլերոզից՝ հեռու, որ չմոռանաք ձեր խոստումները ու չմոռանաք, թե ձեր թիկունքներին ո՛վ կանգնեց ու ձեզ երեկ սատարեց:

Երկրորդ, որ դուք էլ ձեր հերթին իրա՛նց առողջության հետ հանկարծ չխաղաք, նյարդ չքայքայեք, ձեզ ընտրողների մասին մտածեք ու, ոնց որ արդեն հատուկ ընդգծեցի, հատկապես սկլերոզ հանկարծ չընկնեք ձեր ընտրողների մասին մտածելիս:

Երրորդ, Նիկոլին լավ կպահեք ու հանկարծ հներից չվարակվեք ու տակը փորեք: Ո՛ր մեկը հանկարծ սկսեց կա՛մ Նիկոլի տակը փորել, կա՛մ թաքուն ուրի՜շ փոս հանկարծ փորել ու գանձ թաքցնել, ժողովուրդն իրան «գործուղում է» ուղի՜ղ «հանրօգուտ աշխատանքը ողջունող» հիմնարկ. էդտեղ առավոտից իրիկուն, սիրտն ինչքան ու ինչ խորությամբ ուզում է, թող ջուռ-ջուռ փորի:

Չորրորդ, որ մեկը աչքն էս-էն օբյեկտի կամ էս-էն օֆշորի կողմը հանկարծ թեքեց, ժողովուրդն իրա՛ն է տեղում օբյեկտ սարքում՝ բնականաբար ու զուգահեռաբար զրկելով իրեն սուբյեկտ լինելու հնարավորությունից:

Հինգերորդ, երկրի օտարված, կյանքից հետ ու դուրս հարստությունն ու տնտեսությունը նորից բերում եք, «հարազատ դարձնում», բոլոր օտարված, կյանքից հետ մնացած անփող խավերի մասին նորից հիշում եք ու «հարազատ դարձնում», նե՜նց եք հիշում, որ էդ մարդիկ իրանց նիսիաների էն ցուցակները այսուհետ իսպառ մարեն-մոռանան:

Վեցերորդ, եթե Մարուքյանն էսպես պտի ընդդիմություն մնա, ավելի լավ է, իրան «օտգուլ» տաք, տեղը Մարուքյանի սիրտը քաշած էն՝ ՀՀԿ-ի տեղ իրա առաջարկած մի հատ սիրուն տանձ կախեք ԱԺ-ում:

Եւ վերջապես յոթերորդ. անխիղճնե՜ր, սրանից հետո, որ խաշ կդնեք ու որ խաշ կուտեք, էդքան մի շփոթվեք. «Մենք ենք, մեր սարեր»-ի էն Իշխանի չափ չկա՞ք, որ ասեք՝ «Լավ ենք արել, մարդա էրկու աման կերել ենք, հլա էրկուսն էլ պտի ուտենք»:

Իսկ ինձ որ մնա, ես ավելի՜ն կասեմ. տղե՜րք ջան, թող կերածներդ էդ խա՜շը ըլնի, թող էրկու չէ՜, տասներկո՜ւ աման ամեն մեկիդ դեմն ամեն օր ըլնի. հեռու ձեզանից, էն նախորդների պես մարդա տասներկու օֆշո՜ր թող հանկարծ չըլնի՛, թող էդ խա՜շն ըլնիԵւ ուրեմն, խաշներդ՝ անո՛ւշ, իսկ պաշտոններդ բարո՛վ վայելեք:

Պրոլետարիատի առաջնորդով բացեցինք, պրոլետարիատի առաջնորդի ոգով, բայց հեղափոխությունն արածների սրտից հնչեցնելով էլ փակենք. «Վլասծ մի բիրյոմ վսիրյոզ ի նադո՞լգը»…

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ