Մարդակենտրոն վերածնունդ կամ քաղաքական հավերժ փորկապ

Տոներն անցան: ԱԺ-ն դարպասաբաց սպասում է իր նոր ազգափրկիչներին: Այսինքն՝ երեսփոխաններին և, բնականաբար, երեսփոխանուհիներին: Մեծարգո Սեթ Գմփոյանիս ագարակը իր քառաձայն երգչախմբով ողջունում է «Սիրո և համերաշխության» հեղափոխության արգասիք արտահերթ խորհրդարանի գալիք նստաշրջանը և խոստանում նրա (խորհրդարանի) կյանքում լինել անաչառ դատախազ, խստաբարո դատավոր, նվիրյալ փաստաբան: Մենք կփառաբանենք ԱԺ-ի ազգանպաստ, պետականաշեն և հակաքրեաօլիգարխիկ բոլոր վեհ գործերն անխտիր ու անուն առ ազգանուն անարգանքի սյունին կգամենք արտաքին ազդեցությունների ներքո ստեղծվող օրենքների հեղինակներին:

Սակայն խորհրդարանը դեռ գումարվելու է, և ուստի ժամանակն անտեղի չվատնելու առողջ տրամաբանությամբ փորձենք ճշտել ՀՀԿ-ի տեղն ու դերը նոր իրավիճակում, սակայն մինչ այդ ներկայացնենք, թե ինչպես են Ամանորը նշել ՀՀԿ-ի մտավոր կոհորտայի պիոներները: Սույն խնդրո լուսաբանման վեհ առաքելությամբ կարմրաբուրդ ոչխար, խղճի կալանավոր բարոն Զումբատը որպես Կաղանդ պապ, կույս այծիկ, հանրային գրբաց օրիորդ Նաթելլան էլ որպես Անուշաձյունիկ գործուղվել են առ տիարք՝ Աշոտյան ու Շարմազանով, նույնքան առ տիկնայք Աճեմյան ու Եսայան:

Աշոտյանը դուռը չի հաճել բացել: Այդ բանն արել է նրա օգնական Գարսիկը, սակայն թույլ չի տվել ներս մտնել: Եվ այսուհանդերձ մերոնց հաջողվել է արձանագրել, թե ինչպես է սև փափախը գլխին, հագին՝ ճերմակ խալաթ, Աշոտյանը պտտվելուց եղել տոնածառի շուրջ: Յուրաքանչյուր 4-րդ պտույտի հաջորդել է նրա հարկադիր կանգն ու հոգեմաշ «Իյա՜, իրո՞ք» սրտակեղեք թառանչը: Ինչպես պարզել են մերոնք, ժամը 24 00-ին նա սպասել է Ս.Ա.Ս.-ի՝ նույն ինքը Սերժ Ազատի Սարգսյանի ելույթին, սակայն ցավալիորեն առերեսվել է Նիկոլին ու կորցրել տեղի, ժամանակի և ամանորյա հյուրընկալության մասին նախկին բոլոր պատկերացումները: Այլ ելք չտեսնելով՝ մերոնք Գարսիկին են հանձնել, Աշոտյանի համար պատրաստած Ձմեռ պապի նվերը՝ Ս.Ա.Ս.-ի սափրագլուխ գիպսե արձանիկը, ճակատին գրված. «Եթե մտահոգ ես, արդ ու ընդմիշտ այդ է քեզ բաժին վիճակված ճակատագիրը»:

***

Շարմազանովը բարոն Զումբատ-կույս այծ Նաթելլա տանդեմին տան դեմին դիմավորել է հանրահայտ սիրտակիի հոգեզմայլ մեղեդիով, Կաղանդ պապ Զումբատին բազմեցրել ԱԺ-ից բերված իր բազկաթոռին, Անուշաձյունիկին էլ խնդրել բաժակները բերնեբերան լցնել զեյթունի թրմօղիով: Շարմազն առաջարկել է առաջին ու վերջին գավաթով պատվել Ս.Ա.Ս.-ի անկենդան կենդանություն երկրի կյանքում, քանի որ նա լքում է կուսակցությունը և պատրաստվում է արտագաղթել: Մերոնք սիրով միացել են առաջարկված կենացին ու գավաթները քամել ցմրուր: Շարմազանովը խմել է հոտընկայս, Զումբատը՝ բազկաթոռում կիսապառկած, Նաթելլա-Անուշաձյունիկը՝տոնածառի շուրջը կաքավելով:

Հյուրամեծար հարգարժան Էդուարդին նվիրվել է Ագարակի ամանորյա նվերը՝ լիքը տոպրակ այծի քամած մածուն: Շարմազանովն, ի պատասխան, շոյել է Նաթելլայի աջ կոտոշը, բարեկամաբար քորել ձախ կճղակատակը և դավադիր շշնջոցով տեղեկացրել, որ վիրավորված կուսակիցներով դիմել են Եվրադատարան՝ հօգուտ ՀՀԿ-ի Ս.Ա.Ս.-ից ալիմենտի պահանջով, քանի որ հրաժարվել է կուսակցության պապայությունից, որբացրել է նրան՝ թողնելով անսնունդ ու հուսալքված:

***

Աճեմյան Կարուշան ու Եսայան Մարգուշան Ամանորը Ձորաղբյուրում, Ս.Ա.Ս.-ի փեսայի առանձնատանը, նշելու պատճառով տանը չեն եղել: Կարուշան տոնածառն է զարդարելիս եղել, Մարգուշան՝ տիկին Ռիտային: Ուրիշ հետաքրքրական բան չգտնելով՝ մերոնք քոռ ու փոշման Ձորաղբյուրից վերադարձել են ագարակ՝ ի դեպ որտեղ էլ մենք (բնականաբար գլխավորությամբ մեծարգո Սեթ Գմփոյանիս), համատեղել ենք ամանորյա տոներն ու Սուրբ Ծննդի հրաշափառությունն այն խորին համոզմամբ, որ Սուրբ Ծնունդի անցկացման ժամանակացույցը հասկանալի անշարժության պատճառով թողնում ենք անփոփոխ, իսկ Ամանորը տեղափոխում ենք Նավասարդ ամիս:

***

Արդ՝ ստեղծված իրավիճակում ՀՀԿ-ի տեղի ու դերի մասին:

Հարգելի հանրապետականներ, դուք, ինչպես գիտեք կամ գիտակցում եք, արդեն արտախորհրդարանական քաղաքական ուժ եք: Ձեր բախտը բերել է, կարող եք դառնալ Նիկոլին և ՔՊ-ին հակառակ քաղաքական ուժ՝ նրանց հզորացնելով մարդակենտրոն առաջարկներով: Նիկոլը դա կգնահատի, չկասկածեք, սակայն պետք է նախ ինքներդ ձեզ, այսինքն՝ ձեր մենիշխանական տասնամյակի «ազգաշահ» և «պետականափրկիչ» բոլոր գործերը գնահատեք լայնքով, երկայնքով, խորքով և խորաթափանցությամբ ու կարողանանք ճիշտ հետևությունների հանգել: Բայց քանի որ խորը կասկած կա ձեր ճիշտ եզրահանգումների գալու ունակության նկատմամբ, որպես գործունեության ուղեցույց առաջարկում ենք ագարակի ավագանու մշակած «Մարդակենտրոն վերածնունդ» ծրագիրը: Ըստ այդմ՝

-անհրաժեշտ է առանց վայրկյան ուշացնելու դիմել կուսակցության ներքին վիրաբուժական միջամտության՝ շարքերից հեռացնելով քաղաքական մոլեխաղի գրոսմայստեր Սերժ Սարգսյանին՝ նրա կուսղեկավարման տասը տարին արձանագրելով որպես կուսակցության քրեականացման և բյուրոկրատացման մղձավանջային ժամանակաշրջան,

-ՀՀԿ-ն պետք է կուսակցության բոլոր նախկին կարգախոսերը («Ապավինեք մեր մտքին և բազկին», «Առաջ Հայաստան», «Դեպի մարդակենտրոն երկիր») պաշտոնապես հայտարարի քաղաքական սադրանքի արդյունք և հանդես գա նոր կարգախոսով. դիցուք՝ ‹‹Եթե չենք ջրում Հայաստանի Հանրապետության Կենաց ծառը, թող չորանան հանրապետականներիս թարս բուսնող խիյարները»,

-ՀՀԿ-ն պետք է պաշտոնապես հարկադրի Է. Շարմազանովին, որ վերջինս պարզաբանի՝ երբ ասում էր ‹‹Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի հայրն է», արդյո՞ք նկատի ունեցել է, որ այս դեպքում Սաշիկ Սարգսյանը մեխանիկորեն կուսակցության հորեղբայրն է դառնում, Ռիտա Սարգսյանը՝ կուսակցության մայրը, իսկ Միշիկ Միքայելյանը՝ կուսակցության փեսան,

-պետք է անհապաղ հեռանալ Մելիք-Ադամյան 8 հասցեից, շենքը, որպես չարիքի խորհրդանշան, քար առ քար կազմաքանդել, ազատված տարածքը դնել հանրորեն օգտավետ որևէ ծրագրի իրականացման, դիցուք՝ ‹‹Երևան» տեսակի լոլիկի կամ, ծայրահեղ դեպքում, ‹‹Նազրվան» տեսակի վարունգի աճեցման տակ՝ խստագույնս հետևելով, որ այն ծուռ աճելու միտումներ չդրսևորի, քանզի այն, ինչ թեկուզ հարևանցիորեն առնչվում է հանրապետական կուսակցությանը, խիարանալու հստակ հակումներ է ձեռք բերում: