…«7. Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը՝ հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները, նրա ժողովրդի սեփականությունն է: Դրանց տիրապետման, օգտագործման և տնօրինման կարգը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով: Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ ազգային հարստություն, այդ թվում՝ ոսկու պաշարների, ալմաստի և վալյուտային ֆոնդերի մասնաբաժնի իրավունք»…

Քաղվածք՝ ՀՀ անկախության հռչակագրից, 1990 թվական, օգոստոս 23

Գրեթե 29 տարի է անցել, դեռ գազի գին ենք ահով «փայփայում»:

Հա՛, գրեթե 29 տարի անկախ ենք, բայց բան չի փոխվել:

Էլի մեր ուշքը, էլի մեր միտքը կամ գազի գինն է, կամ լույսի գինը: Էդպես էլ չհասանք էն աստիճանին, որտեղից ուրի՜շ Լույս է երևում: Էդպես էլ չհասանք էն աստիճանին, որ ա՛յ էդ Վերին ու աստվածային Լույսի դարդն անենք, էդ լույսի գինը իմանանք, մուծենք, Աստծուն առնչվենք, աստվածայինին, երեկ լույս տեսած գրքից զրուցենք, երեկվա տեսած ոչ թե անվայել սերիալից, այլ մե՛ր՝ «Հայֆիլմի՛» հանճարեղ ֆիլմի՛ց էնպես ազդվենք, որ բերկրանքներս միմյանց հետ կիսենք, երեկ մեզ ցնցած բեմադրության պրեմիերայից զրուցենք, ցնծանք, գիտության անհաս բարձունք նվաճենք, ու է՛դ բարձունքի շուրջ մեր սոց.ցանցերում միմյանց քոմենթ, ՀՐԱՇՔ ու ՍՐՏԻԿ «մակնիշի» լայքեր ու աչքալուսանք միմյանց ուղարկենք:

Պատկերացնո՞ւմ եք, 29 տարի:

29 տարի բարձրանալու տեղ դեռ գլորվում ենք:

29 տարի վեհանալու տեղ դեռ մանրանում ենք, մանր բաներից իրար հետ խոսում, մանր բաները սարքում թե՛ մեծ տոն, թե՛ ողբերգություն:

29 տարի զորանալու տեղ, դեռ կորանում ենք, դեռ կռանում ենք, մի բուռ ենք դառնում, բուռը կիսվում է, կես բուռ ենք դառնում, աշխարհի բոլոր բեմերից զրկվում, աշխարհի բոլոր շքամուտքերից կամա՜ց քշվում ենք անշուք հետնամուտք:

29 տարի ասես աշխարհը այլ տեղ է գնում, մենք լրիվ այլ տեղ. մեր ու աշխարհի երթուղիները ուրիշ են ասես:

Պատկերացնո՞ւմ եք, ասենք, Լոնդոնում վաղ առավոտից մինչև իրիկուն գազի հարցի շուրջ ազգովին դնեն ու դիսկուս անեն, ուրիշ ամեն բան տեղում մոռանան ու միայն գազի հարցը քննարկեն: Թե հանկարծ նման մի աշխուժություն էնտեղ նկատվեց, ուրեմն շարք է մի երգիծական, մի նոր կոմիքս է դրվել-քննարկվում իրենց ցանցերում:

29 տարի՝ հոգևոր ոչի՛նչ:

29 տարի ոչ մի գիտական խնդրի քննարկում. 29 տարի քննարկվում է սոսկ մի շատ բարդ խնդիր՝ հացի՛ խնդիրը

Հա՛, հացի խնդիրը, գազի խնդիրը, լույսի խնդիրը, մյուսի խնդիրը:

Էլ ոչ մի ուրիշ կարևոր խնդիր:

29 տարի չթողինք մարդկանց ուշքն ու միտքը գեթ մի վայրկյան պոկվի գազի ու լույսի, ջրի ու մյուսի վարձ ու վճարից, իրենց օր օրի հա՜ ավելացող նիսիաներից ու էդ նիսիաների բութ ցուցակներից:

29 տարին ախր մի ամբողջ, ախր մե՛ր ամբողջ գիտակից կյանքն էր, ախր մեր կյանքի լավագո՛ւյն մասն էրԲայց արի ու տես՝ 29 տարի, առևտրից բացի, քոչելուց բացի, մենք ի՞նչ արեցինք. 29 տարի մենք արդյո՞քապրեցինք:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ