Ի խորոց սրտի ու նույն այդ սրտի անհուն կսկիծով ուզում եմ հայտնել, որ «Հայաստանի ձայն» իրեն անվանած, ֆեյսբուքում ազգի խիղճը դառնալու փորձեր անող, բայց, չգիտես ինչու, «ինկոգնիտո՛» անձ, ժամանակին ինձ ի՜նչ լայքեր հղած, բայց օրերս ինձնից խի՜ստ հիասթափված, ինձ «Քոչարյանի ռեսուրս» հռչակած, լքեց շարքերն իմ անչափ սիրելի ընթերցողների ու, «Հե՜նքը ջնջե՜ք» աղաղակելով, սույն «ձայնը»… մարեց:

Պատճա՞ռն եք ուզում: Պատճառն այն էր, որ «Հայաստանի ձայն» իրեն անվանած իմ երբեմնի այդ ընթերցողը ա՛յն ճշմարտությունն է միայն ողջունում, ա՛յն խոսքին է սոսկ իր «լայքը» հղում, որն իրեն հանկարծ չի վրդովեցնում, որն իրեն ձեռք է տալիս լիովին: Հա՛, պատճառն այն էր, որ «Հայաստանի ձայն» իրեն անվանած իմ երբեմնի այդ ընթերցողն ինձնից գուցե ներբող ու ձոն էր ակնկալում, բայց էդ հարցում իրեն հիասթափեցրի, քանզի էս անգամ իր ուզածի պես չարձագանքեցի:

Բանն այն է, ո՛վ «ձայն», ներբողի ժանրը վրաս ազդում է, ներբողի ժանրն ինձ հակացուցված է. ներբող գրեցի՝ բիրտ ալերգիան է գրոհում անգութ: Իսկ որպեսզի ես կարենամ գրել ու ստեղծագործել, ինձ աողջություն պե՞տք է, ի՞նչ ասիր, ո՛վ մեծապատիվ «Հայաստանի ձայն»:

Ու քանզի էսպես առիթը եկավ, «մերժվածս» ուզում է, հանց «ամբաստանյալին տրված վերջին խոսք», հետևյալն ասել:

Ով իմ սիրելի՛ ընթերցողներ բոլոր, ինձնից չսպասեք ո՛չ ներբող, ո՛չ ձոն: Այսուհետ ևս ասելու եմ այն, ինչ բանականությունն ու սիրտս կթելադրի: Տգեղին երբեք սիրուն չեմ ասի, տգետին երբեք իմաստունների շարքը չեմ դասի: Ո՛չ նախորդների գերին եմ եղել, ո՛չ գործողների, ո՛չ էլ այսօրվա այս գործողներին փոխարինելու եկող-չեկողի գերի լինելու ծրագրեր ունեմ: Ո՛չ հոնորարի ու ո՛չ իմ համեստ էդ հոնորարը տվողի համր գերին եմ եղել, ո՛չ էլ կլինեմ: Ես առհասարակ գերվելուն, սրա-նրա գերին դառնալուն կտրական դեմ եմ: Դեմ եմ նաև այս-այն բութ դոգմայի, այս-այն մոդայի գերին լինելուն: Դեմ եմ այս ու այն՝ քեֆը լավ պահին արտասանված ճառ-բաժակաճառեր կլանված լսելուն ու էդ կենացը անուշ երգելով քաղցրացնելուն: Գրելուս պահին իմ գլխին միայն մի՛ կարգադրող ու մի՛ Տեր կա միայն, ու ես միայն մի՛ Հեղինակություն գրելուս պահին միշտ կճանաչեմ՝ Երկնային Աստված:

Եւ ուրեմն՝ ա՛մեն:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հ.Գ. Մի բան մոռացա, ո՛վ «Հայաստանի հույժ ինկոգնիտո վրդովված ձայնիկ»: Դո՛ւք, որ էդպես խիստ հայտարարում եք, թե «Հե՜նքը» ջնջե՜ք», թե «Քոչարյանի ռեսո՜ւրս է, ջնջե՜ք», չե՞ք զգում, որ հենց նույն բանն եք անում, ինչ ժամանակին հենց ձեր էդ հիշած Ռ.Քոչարյանը: Ինքն էլ, Ձեզ նման, ո՛ր մի ճշմարիտ ու անաչառ բանը դուրը չէր գալիս, ջնջել էր տալիս: Սրանից ելնելով՝ հիմա ո՞վ դարձավ «Քոչարյանի ռեսուրս». ե՞ս, ինձ բեմ հատկացրած մեր անաչառ կա՞յքը, թե՞ Քոչարյանի ոգով՝ ջնջելու կոչն այդ ծածկանվա՜մբ, ծածո՜ւկ, բայց… «հպա՜րտ-խիզա՜խ» անողդ: