Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն անդրադարձել է Արամի 23-ի պատի փլուզմանը և նշել, որ ժամանակին հնարավոր էր խուսափել նման վերջաբանից, սակայն եղածը եղած է՝ պետք չէ տագնապել «Շուրջ 3 ամիս Արամի 23-ի վերաբերյալ խոսակցություններ էին գնում, թե ինչպես անենք, որ վթարային վիճակում գտնվող կառույցի առանձնապես հպվող պատը շինարարական հրապարակին կարողանանք ամրացնել։ Մշակվեցին տարբերակներ՝ մի տարբերակ մշակեց «Հին Երևանի» գլխավոր ճարտարապետը, որը չընդունվեց Մշակույթի նախարարության կողմից։ Կար երկրորդ տարբերակը, որը բավականին մեծ շինարարական աշխատանք էր և, ինչքան ես հասկացա, պատվիրատուի և կառուցապատողի կողմից չընդունվեց։ Երկար ժամանակ պատը մնաց այդ վիճակում և կամաց-կամաց, բնականաբար, վիճակը վատթարանում էր և, ի վերջո, եկավ տրամաբանական ավարտին՝ պատը քանդվեց»։

Մեսչյանը նկատում է, որ ամենակարևորը մարդկային զոհեր չկան, իսկ պատը վերականգնել նախկին տեսքով հնարավոր է։ Վերջինիս խոսքով՝ պետք է մշակվի նոր նախագիծ, որ գոյություն ունեցող կառույցն ամրացվի և վերակառուցվի համաձայն «Հին Երևան» ծրագրի գլխավոր ճարտարապետի նախագծի։

Արթուր Մեսչյանն ասում է«Ինձ թվում է, որ Արամի 23-ի էտ պատ շուռ գալը խորհրդանշական էր։ Ինչի՞ համար՝ որովհետև դա բավականին անկազմակերպ և անտրամաբանական քաշքշուկների հետևանք եղավ։ Որովհետև ժամանակին կարելի էր այդ պատը հանգիստ ամրացնել, խուսափել էս ամենից, ինչ պատահեց և տրամաբանորեն շարունակել աշխատանքները»։

Մեսչյանը կարծում է, որ այս միջադեպից հետո «Հին Երևան» ծրագրի մեջ շինարարության և մոտեցման քաղաքականությունը մի փոքր կփոխվի՝ նախ Մշակութի նախարարությունը, որի իրավասության տակ են հուշարձանները, ճարտարապետի հետ կմշակեն մի նախագիծ, որում կապահովեն պահպանությունը գոյություն ունեցող հուշարձանների և, ցանկացած շինարարական աշխատանք այս կառույցների շուրջ, առիթ չի հանդիսանա հին շենքերի փլուզման համար։