Հեռակառավարվող լուսավորության համակարգ, գումարած էներգաարդյունավետ լուսատուներ, հավելած մինչև առավոտ քաղաքի գիշերային լուսավորություն՝ առաժմ երևանյան 28 փողոցի է վերապահված այս ճակատագիրը, որն իրականություն է դառնալու համաձայն երեկ քաղաքապետարանում ստորագրված պայմանագրի: Այն ստորագրվել է Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ի և ֆիննական «Քնսորթիում Օնինեն Օյ Էնսթո օյի», ինչպես նաև ենթակապալառուներ ԱյԵֆ ենթակառուցվածքների պլանավորում «Այ/էս Այեֆ լայթիգ» ՍՊԸ, «Իքոնեքս-քոմ», «Տրանսփրոջեքթ» ՓԲԸ և «Կարամյանշին» ՍՊԸ-ի միջև:

«Քաղաքի գիշերային լուսավորության անընդհատ ապահովման շնորհիվ մեր քաղաքը կլինի ավելի անվտանգ և առավել գրավիչ զբոսաշրջիկների համար։ Հատկանշական է նաև, որ այս ծրագրի շրջանակներում կլուծվի նաև վերգետնյա մալուխային ցանցի հարցը, որն այսօր արդեն անվտագության խնդիր ունի՝ իջեցնելով վերջիններս ստորգետնյա կապուղիների մեջ», -նշել է քաղաքապետն Հայկ Մարությանը՝ շնորհակալություն հայտնելով դոնոր ընկերություններին, մասնավորապես, Եվրոպական Միությանը, ինչպես նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին, որոնց աջակցության և ֆինանսավորման շնորհիվ հնարավոր է դարձել այս ծրագրի իրականացումը: