Հարգարժան տիարք, պատվարժան տիկնայք, սիրելի տղաներ (այսինքն՝ դեռ չամուսնացած այրեր), գուրգուրելի աղջիկներ (այն է՝ առայժմ ամուսնական առագաստ չմտած օրիորդներ), սույն քաղաքական բարեմաղթանքը ականջի օղ արեք (ցանկալի է, որ ականջօղը ձուլվի հայկական թուջից) և դարձեք ‹‹Սիրո և համերաշխության›› հեղափոխության ազատամարտիկ-մունետիկները:

Դուք հարցնում եք, թե ինչպե՞ս:
Մենք պատասխանում ենք՝ ահավասիկ այսպես:
Նախ՝ եռապատիկ կրճատեք ձեր աշխատավարձերը (ինչի է նման, երբ կիսաքաղցած ժողովրդի ընտրյալը ստանում է 700000 դրամ աշխատավարձ):
Այնուհետև՝ գործուղումների մեկնեք բացառապես ձեր անձնական խնայողությունների հաշվին (հիշեք՝ 5 հոգանոց խորհրդարանական խմբի գործուղումը պետական բյուջեից կլանում է 50.000դոլար. մինչդեռ այսքան գումարով կարելի է 5 ավտոբուս գնել և նվիրաբերել Երևանի քաղաքապետարանին):
Այնուհետև՝յուրաքանչյուր ելույթից առաջ ի լուր ամենեցուն հայտարարեք՝ լեզվինս ձեզ (իմա՝ ժողովրդին), սրտինս՝ ինձ (իմա՝ ճառաբանողին):
Եվ, վերջապես, մի մոռացեք, որ Բաղրամյան-19-ի դարպասները բաց են:
Ում առաջ են բա՞ց:
Այո, ճիշտ եք, բաց են հպարտ քաղաքացիների առաջ, ովքեր իրենց վստահության քվեն շռայլորեն տվեցին ձեզ: Բայց չէ որ նույն դարպասներով, անշուշտ դիմակավորված, կարող են Օվալաձև դահլիճ սողոսկել դարչնագույն ռևանշիզմի բորենիները:
Սա չանտեսեք:
Վտանգավոր է:
Եվ մեր վերջին խորհուրդ-մաղթանքը Ձեզ, որ չմոլորվեք իշխանության բերելիք անխուսափ արբեցման ճանապարհին: Օրն երեք անգամ աղոթքի պես կրկնեք՝ մի՞թե ես իրավ արժանի եմ հայրենիքի ծառա լինելու սրբազնագույն գաղափարին:

Զարզանդ ԶԵՓՅՈՒՌՅԱՆ

Համեստ ԲԵԿ-ՄՐՐԻԿՅԱՆ