Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով բողոքների քննությունը հետաձգվեց մինչև հունվարի 17-ը՝ ժամը 12։00-ն։ Այս մասին րոպեներ տևած դատական նիստից հետո լրագրողներին հայտնեց Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։ Վերջինս նշեց՝ նիստը չկայացավ այն պարզ պատճառով, որ պաշտպանական կողմը դատախազության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի օրինակը չէր ստացել և հնարավորություն չէր ունեցել գրավոր առարկություն պատրաստելու համար։

Էրիկ Ալեքսանյանը անդրադարձավ նաև իրենց կողմից դատարանի որոշումը մասնակի բողոքարկման մանրամասներին․«Առաջին ատյանի դատարանը երկու մեղադրանքով՝ սահմանադրական կարգը տապալելու և առանձնակի խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքներով, փաստացի, հաստատել է, որ հիմնավոր կասկածը առկա չէ։ Այսինքն, Արմեն Գևորգյանն առնչություն չունի իրեն վերագրվող այդ հանցագործությունների հետ, իսկ ինչ վերաբերվում է փողերի լվացմանը, թեև հաստատել է հիմնավոր կասկածի առկայությունը, սակայն նշել է, որ կալանավորման հիմքերն առկա չեն»։

Իսկ Արմեն Գևորգյանը ևս մեկ անգամ շեշտեց կամ հայտնեց իր դիրքորոշումը՝ իրեն ներկայացված մեղադրանքներից որևէ մեկը չի ընդունում և համարում է անհիմն։ Վերջինս, ելնելով իր կարգավիճակից, խուսափեց հավելյալ հարցերի պատասխանելուց, բայց վստահեցրեց, որ շատ բան ունի պատմելու՝ կպատմի, երբ դրա ժամանակը գա։