Ինֆորմացիայի ազատության կենտրոնը (ԻԱԿ) հրապարակել է այն գերատեսչությունների ցանկը, որոնք 2018 թվականի ընթացքում անպատասխան են թողել կամ տրամադրել են անհիմն պատասխաններ տեղեկություն ստանալու հարցումներին։

Սև ցուցակի առաջին հորիզոնականում ՀՀ կառավարության աշխատակազմն է աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի գլխավորությամբ։ Աշխատակազմը չի տրամադրել տեղեկատվություն աշխատակազմում առկա թափուր հաստիքների ցանկի, Սոֆյա Նավասարդյանի նշանակման մասին որոշման, կոռուպցիայի և ստվերային տնտեսության դեմ մղված պայքարի արդյունքում պետական բյուջե վերադարձված գումարների չափի և դրանց հետագա ճակատագրի վերաբերյալ։

Երկրորդ տեղում ՀՀ պաշտպանության նախարարությունն է և, համապատասխանաբար, նախարար Դավիթ Տոնոյանը։ Նախարարությունը ԻԱԿ-ին չի տրամադրել կամ անհիմն կերպով մերժել է 2018 թվականի բյուջեի կատարման 1-ին եռամսյակի ֆինանսական հաշվետվությունը, գերատեսչությունում առկա թափուր հաստիքների ցանկն ու հրապարակման աղբյուրը, 2017 և 2018թ.թ. իրավաբանական և ֆիզիկական անձանց նվիրատվություն և նվիրաբերություն տրամադրելու վերաբերյալ տեղեկությունները։

Երրորդ հորիզոնականում հայտնվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը նախարար Գաբրիել Ղազարյանի առաջնորդությամբ։

Նախարարությունը ԻԱԿ-ի՝ «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ում իրավապահ մարմինների կողմից կատարված ստուգումների արդյունքների վերաբերյալ էլեկտրոնային հարցմանը 11 օր անց տրամադրել է անհիմն պատասխան։

Քառյակը եզրափակում է արդեն լուծարված Սփյուռքի նախարարությունը նախկին նախարար Մխիթար Հայրապետյանի հետ միասին։ Նախարարությունը մերժել է տեղեկատվության տրամադրումը ՀՀ պետական բյուջեից ՀԿ-ներին տրամադրված դրամաշնորհների և սուբսիդիաների վերաբերյալ։ Մերժումն անհիմն է համարվել, քանի որ տրամադրվող տեղեկատվությունը չի կարող համարվել պետական/ծառայողական, ինչպես նաև բանկային և առևտրային գաղտնիք։

Քրիստինե ՀՈՎՍԵՓՅԱՆ