Դեմոկրատները Թրամփին «հասցրել» են ամենածայրահեղ միջոցը գործի դնելուն։ Ամերիկյան մամուլը գրում է, որ Սպիտակ տունը սկսել է պայմաններ ստեղծել, որոնք թույլ կտան ԱՄՆ-ում սահմանել արտակարգ դրության ռեժիմ։

ԱՄՆ-Մեքսիկա սահմանային պատը կառուցելու համար ԱՄՆ նախագահը անհողդողդ է իր քայլերում։ Washington Post-ը գրում է, որ նախագահ Թրամփի վարչակազմը ներկա պահին փնտրում է ԱՄՆ ինժեներային զորքերի բյուջեում չօգտագործված միջոցներ, որոնք կարող են արտակարգ դրության ռեժիմի սահմանման դեպքում օգտագործվել ԱՄՆ-Մեքսիկա սահմանին պատի շինարարությունը ֆինանսավորելու համար։ Պարբերականի զրուցակիցը հայտարարել է, որ Թրամփը կոչ է արել ինժեներային զորքերին պարզել, թե որքա՞ն արագ կարող են ստորագրվել պայմանագրերը և կարո՞ղ է արդյոք պատի շինարարությունը սկսվել 45 օրվա ընթացքում։

Նախագահի վարչակազմն ուսումնասիրում է նաև անցած տարի Կոնգրեսի կողմից ընդունված օրենքը՝ տարերային աղետների հետևանքների վերացման մասին, որի շրջանակում օրենսդիրները հատկացրել են 13․9 մլրդ դոլար։ Այդ գումարը, ինչպես գրում է թերթը, փաստացի, չի ծախսվել։ Նկատենք, որ ավելի վաղ Սպիտակ տան իրավաբանները հաստատել էին արտակարգ դրության ռեժիմ սահմանելու նախագահի իրավունքը՝ կապված երկրի հարավային սահմանին տիրող իրավիճակի հետ։ Թրամփն անձամբ ընդգծել է, որ դեռևս մտադիր չէ նման ռեժիմ սահմանել, սակայն պատրաստ է դա անել, եթե դեմոկրատների հետ բանակցություններն արդյունք չտան։

Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ