Գերմանական «Wormser Zeitung» պարբերականը հոդված է հրապարակել Գերմանիայից հայ ընտանիքի արտաքսման մասին, որը դիմել է միգրացիոն ծառայություն, որպեսզի փախստականի կարգավիճակ ստանա: Պարզվում է՝ Գերմանիայում բնակության թույլտվություն ստանալու գործընթացն արագացնելու նպատակով երեք անչափահաս երեխա ունեցող հայ ընտանիքը (անդամների իրական ազգանուններն են Մկրտչյան և Խալաթյան) ներկայացել է որպես Հասանով: «Ընտանիքը հույս է ունեցել, որ գերմանական ծառայությունների հարցումը Ադրբեջանում կամ Հայաստանում անպատասխան կմնա, քանի որ այդպիսի անուն-ազգանուններ գոյություն չունեն», -գրում է գերմանական պարբերականը: Հոդվածագիրը գրում է, որ ընտանիքի հետ միասին Վորմս քաղաքում նաև տարեց կին է բնակվել, որը ներկայացել է որպես ընտանիքի տատիկ, սակայն իրականում նրանց ազգականը չի եղել: Աղբյուրի տվյալներով՝ Գերմանիայից արտաքսված ընտանիքը ներկայումս Հայաստանում է և բնակվում է ազգականների մոտ:

Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ