Դեռ հունվարի 9-ին հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ գործով դատավոր Նելլի Բաղդասարյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն էին ներկայացրել քննիչը և հսկող դատախազները, որից հետո միջնորդության քննարկումը հետաձգվեց։ Երեկ արդեն պարզ դարձավ, որ դատավորը բավարարել է ներկայացված միջնորդությունը, որը Քոչարյանի պաշտպանների կողմից գնահատվեց որպես «արդարադատությունից խուսափելու դեպք»։ Բնականաբար, դատական նիստը, որին չէր մասնակցում Ռոբերտ Քոչարյանը, կրկին անգամ հետաձգվեց անորոշ ժամանակով։

Ավելի ուշ վերջիններս հանդես եկան պաշտոնական հայտարարությամբ՝ ներկայացնելով դատավոր Նելլի Բաղդասարյանի ինքնաբացարկի պատճառները։ Հաղորդագրության մեջ ասված է, որ իրենց է տրամադրվել դատարանի որոշումը, որի հիմքում դատարանը դրել է այն, որ Ռոբերտ Քոչարյանին և «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին մեղադրանքներ են առաջադրվել միևնույն գործի շրջանակներում և քանի որ դատավոր Բաղդասարյանը նախկինում Վահագն Հարությունյանի գործով ինքնաբացարկ է հայտնել, ապա պետք է ինքնաբացարկ հայտնի նաև Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի մասով։

«Միևնույն ժամանակ որոշման մեջ նշվում է, որ այդ հանգամանքների առկայությունը չի խոչընդոտում նախագահող դատավորին՝ գործով անկողմնակալ լինելու առումով, սակայն հաշվի առնելով, որ դրանք արդեն իսկ ողջամիտ կասկած են հարուցել տվյալ նախագահող դատավորի անկողմնակալության մեջ (այդպիսի կասկած հայտնել են միայն դատախազները և քննիչը), ուստի այդ հանգամանքների առկայության պայմաններում միջնորդության քննության արդյունքում կայացած ցանկացած որոշում (բավարարման կամ մերժման) անկողմնակալ դիտորդի մոտ կարող է կասկած հարուցել դատավորի անկողմնակալության և անաչառության մեջ։

Դատավոր Բաղդասարյանը գտել է նաև, որ իր կողմից ինքնաբացարկ հայտնելն ու միջնորդությունն այլ դատավորի վարույթ փոխանցելը չի կարող հանգեցնել որևէ բացասական հետևանքի», -նշված է հայտարարության մեջ։