Վրաստանը շատ առումներով է հետաքրքիր երկիր, ու, որպես կանոն, յուրաքանչյուր այցս ուղեկցվում է մի ինքնատիպ պատմությամբ: Դրանք հիմնականում կենցաղային հողի վրա կյանք առնող դեպքեր են, սակայն շատ բաներով զավեշտական են, շատ բաներով՝ ճանաչողական, շատ բաներով՝ ուսուցողական, շատ բաներով՝ մտորումների, համեմատությունների մղող: Մի խոսքով՝ զգացողությունների փունջ է, որ տարբեր պահերի կարող է տարբեր երանգավորումներ, ընկալումներ ստանալ:

Բաթումում անցկացրած ամանորյա տոներից վերադարձել ենք Թբիլիսի: Պատերի ներքաշած սառնությունը քիչ է, գազի կաթսան էլ էնտեղ է «ոտքերը տնկել»: Զույգ տատիկների ու զույգ պապիկներիս մտահոգությունը մենք չենք՝ էն նեղ տարիներին նմա՞ն ցրտեր ենք անցկացրել: Մի շաբաթից իննամսական թոռնիկս է գալու ամերիկյան վոյաժից…

Հարցի լուծման որոնումներում զանգում ենք Ամերիկա՝ քնից արթնացնում տղայիս ու հարսիս: Լոս Անջելեսից սկսվում է կաթսան գործարկելու գործընթացը: Թիֆլիսից Ամերիկային պատասխանում են, որ վարպետը կարող է գալ միայն երեկոյան, ժամը ութին:
Ճարներս ինչ: Ստիպված ենք սպասել:

Հայտնվում է վարպետը: Առավելագույնը մինչև 30-ի ձգող տարիք ունի: Ասել է թե ողջ գիտակցական կյանքում հոգով-սրտով անկախ Վրաստանի քաղաքացի է: Տագնապներս շատ արագ են հաստատվում: Վարպետը գոնե էշը ցեխից հանելու մակարդակով ռուսերեն չգիտի. միանգամայն համատարած բան Վրաստանի նոր սերնդի համար, ու զարմացած է, որ մենք վրացերենին չենք տիրապետում: Կայսրության զավակ լիներ, զարմանքը մի կերպ հասկանալի կլիներ, ու քանի որ իրենք էլ մեր նման մի բրդուճ երկիր են, իր զարմանքը վերագրում ենք նրա պարզ չիմացությանը. սրանից ավելի մեղմ անհնար է արտահայտվել, թեպետ հանգիստ կարող էինք հիշել յուրօրինակ հակադարձումի հայտնի այն անեկդոտը, որտեղ վրացին հարցին, թե ո՞ր ազգն է մտածողության մեջ առավել ծանրամիտ, երկար մտածելուց հետո պատասխանում է. «Զատո ու նաս վինո խարոշոյե»:

Ինչևէ: Կաթսան նայելուց հետո մեր վարպետը միակ հոդաբաշխ բառը, որ ռուսերեն արտաբերում է, շուռուպն է: Ասածը հասկացածի երջանկությամբ նրան եմ մեկնում ատվյորտկա-պտուտակահանը: Վարպետը գրպանից հանում է իր ունեցած պտուտակահանն ու նորից ասում ռուսերեն իմացած միակ բառը՝ շուռուպ:

Տեսնելով, որ նրա հետ հաղորդակցվելու այլ ելք չկա, նորից զանգում ենք Ամերիկա: Հարսս այնտեղից կապվում է մեր չունեցած վարպետի ներկայացրած օֆիսի հետ, օֆիսը հետզանգ է անում մեզ ու քիչ թե շատ հոդաբաշխ բացատրում, որ կաթսան պիտի հանվի պահարանի միջից, որ վարպետն իր անելիքն անի:

Տալիս եմ համաձայնությունս: Սակայն օֆիսից բացատրում են, որ դրա համար պետք է մի ուրիշ վարպետ գա, և որ մեր ձեռքի տակ եղածը չի տիրապետում կաթսան պահարանից հանելու հմտությանը: Ես այստեղ արագ գլխի եմ ընկնում, թե ինչու էր վարպետը մի գլուխ շուռուպ ասում, բայց դրանից բնականաբար իրավիճակը չի շտկվում: Հարցին, թե ե՞րբ կարող է գալ կաթսան պահարանից հանելու գծով վարպետը, հնչում է հստակ պատասխան՝ երեքշաբթի, ժամը հինգին, իսկ դա նշանակում է համարյա ուղիղ երեք օր:

Բացատրությունները, թե սա գազի կաթսա է, ցանկացած պահի կարող է հետևել պայթյուն՝ սպասվելիք անդառնալի հետևանքներով, հետևում է մինչև երեքշաբթի ոչնչով օգնել չկարողանալու բացատրություն:
Շվար փլվում եմ աթոռին:
Տևական լռությունը խախտում է չեղածի հաշիվ մեր վարպետը: Վրացերեն ինչ-որ բան է բլբլում: Մոտավորապես հասկանում ենք, որ խոսքը գումարի մասին է, սակայն անհասկանալի է, թե ի՞նչ գումարի:

Ստիպված օգնության ենք կանչում հարևանին, ով մեր սերնդի մարդ է ու անհնար է, որ ռուսերեն չիմանա: Ներկայացնում ենք իրավիճակը: Մեզ լսելուց հետո հարևանուհին լսում է և վարպետին ու հետը բռնվում տևական զրույցի: Տագնապելով, որ խոսքի արանքում կարող են մոռացած լինել մեզ, խառնվում եմ զրույցին «ի՞նչ է ուզածը» հարցով:
Հարևանուհիս իրազեկում է.
-15 լարի է ուզում:
Այս անգամ անմիջականորեն դիմում եմ վարպետին ու չգիտես ինչու՝ ռուսերենով.
-Զա շտո՞:
-Զա կանսուլտացիյու, -հնչում է պատասխանը:
-Զա կակո՞ւյու կանսուլտացիյու, -մոլորված հարցնում եմ ես:
Հետևում է վրացերեն տևական բացատրություն: Հարևանուհիս ակնհայտորեն ապշած է: Չեմ համբերում, խնդրում եմ թարգմանել վարպետի ասածը:
-Ասում է՝ 15 լարին ուզում է նրա համար, որ ձեզ մատուցել է կաթսայի փչացած լինելու վերաբերյալ խորհրդատվություն:
Հարևանուհուս խնդրում եմ վարպետ կոչեցյալին փոխանցել, որ ես առանց իրեն էլ գիտեի, որ կաթսան փչացած է ու դրա համար եմ զանգել օֆիս, վարպետ խնդրել:

15 լարին ինքնին մի գումար չէ ներվ փչացնելու համար, սակայն արդեն մեջս բոլորովին ուրիշ բան է խոսում: Արդեն ուղիղ դիմում եմ վարպետին.
-Ինչի՞ համար տամ 15 լարի:
-Զա կանսուլտացիյու, -վարպետս պահանջի մեջ զուսպ է ու հավասարակշիռ:
Տեսնելով, թե ընկալման հետ ի՛նչ բացառիկ խնդիրներ ունեցող մեկի եմ հանդիպել, հարևանուհուն խնդրում եմ նրա համար թարգմանել, որ փողոցում մուրացկանություն անելով՝ ավելի պատվարժանորեն կվաստակի օրվա հացի փողը:
Լսելուց հետո վարպետս հարցնում է, թե ինչու եմ իրեն վիրավորում:
Պատասխանում եմ, որ իրեն չեմ վիրավորում, պարզապես խորհուրդ եմ տալիս ու որ, ի գիտություն իրեն, տվածս խորհուրդը անվճար չէ, դրա համար ինձ պիտի 25 լարի վճարի:
-Զա շտո՞, -այս անգամ ռուսերենով հարցնում է չունեցածս վարպետը:
-Զա կանսուլտացիյու, -զուսպ ու հավասարակշիռ պատասխանում եմ ես:
Նրա վերջին ճշտեցումը վրացերենով է ու բնականաբար հարևանիս միջոցով: Իմաստը մոտավորապես հետևյալն է.
-Բայց ինչո՞ւ քսանհինգ լարի:
-Որովհետև իմ խորհուրդն այդքան արժե, -գոհ պատասխանում եմ ես՝ առաջիկա երեք օրվա անիմաստ սառչելու մուռը գոնե այսկերպ հանելով:

Մարտին ՀՈւՐԻԽԱՆՅԱՆ