Այսօր մանդատների հանձման արարողությունից առաջ՝ ճեպազրույցների ընթացքում, կրկին անդրադարձ կատարվեց երրորդ փոխխոսնակի ընտրությանը։ Լրագրողների այն հարցին, թե ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանն ինչ կարծիք ունի Նիկոլ Փաշինյանի կողմից արված այն հայտարարությանը, որ ԱԺ երրորդ փոխնախագահը պետք է ընտրվի ժողովրդի կողմից թվով ավելի շատ քվե ստացած քաղաքական ուժից, վերջինս պատասխանեց․ «Տրամաբանական չի, և Սահմանադրությունն ասում է, որ պետք է ընտրվի խորհրդարանում, և ոչ թե ՀՀԿ-ի ժամանակ պահպանված տրադիցիաները մենք շարունակենք պահպանել»։

Մարուքյանը վարչապետի պաշտոնակատարի հայտարարությունն ընկալել է որպես ակնարկ, սակայն եթե անգամ նման որոշում կա, որի մասին պաշտոնապես չի հայտարարվել, ԼՀԿ-ն չի փոխել իր որոշումն ու տրամադրվածությունը։ Էդմոն Մարուքյանի խոսքով՝ իրենք մնում են այն կարծիքին, որ իրենց Մանե Թանդիլյանը, ավելի լավ թեկնածու է և ավելի լավ փոխխոսնակ կլինի։

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նախընտրեց դեռևս չխոսել փոխխոսնակի իրենց թեկնածուի մասին, քանի որ առաջիկա 2 օրերի ընթացքում կուսակցությունը հանդես է գալու պաշտոնական հայտարարությամբ։ Իվետա Տոնոյանը նույնպես խորհուրդ տվեց լրագրողներին զինվել համբերությամբ և սպասել կուսակցության քաղխորհրդի որոշմանը, որով կտրվեն բոլոր հարցերի պատասխանները։

Իսկ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը, ըստ էության, կրկնվեց՝ կրկին անգամ վերաշարադրելով դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի խոսքերը․ «Մենք ոչ թե անձերի ընտրություն ենք կատարում, այլ քաղաքական ընտրություն ենք կատարում։ Եվ տրամաբանական է, որ երրորդ փոխնախագահի պաշտոնը ստանա այն քաղաքական ուժը, որն ավելի շատ ձայն է ստացել»։