ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռացել է դեմոկրատների ղեկավարների հետ բանակցությունների սենյակից: Պատճառն այն է, որ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ասել է, որ նույնիսկ եթե Թրամփը համաձայնի վերսկսել կառավարության աշխատանքը, Մեքսիկայի հետ սահմանային պատի կառուցման նախագիծը հավանության չի արժանանա:

Թրամփն իր թվիթերյան էջում գրել է. «Հենց նոր հեռացա Չաքի և Նենսիի հետ հանդիպումից. դա լրիվ ժամանակի վատնում էր: Ես հարցրի՝ ինչ տեղի կունենա 30 օրից, եթե ես արագ վերջ դնեմ այս ամենին, արդյո՞ք դուք հավանություն կտաք սահմանների անվտանգության ծրագրին, որը ներառում է Պատը կամ Պողպատե արգելապատնեշը: Նենսին ասաց՝ ոչ: Ես ասացի՝ ցտեսություն, այլ տարբերակ չի գործի»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ կառավարությունն արդեն 19 օր է մասնակիորեն դադարեցրել է աշխատանքը: Մոտ 800 հազար պետական աշխատողներ մնացել են առանց աշխատավարձի: Երեկ էլ Թրամփը հանդես եկավ հատուկ տեսաուղերձով՝ պատճառաբանելով, թե ինչու է կարևոր Մեքսիկայի սահմանին պատ կառուցել։ Նրա վստահեցմամբ՝ երկրի հարավային սահմանում մարդասիրական ճգնաժամը խորանում է. «ԱՄՆ-ն անլեգալ ներգաղթյալներին տուն վերադարձնելու ոչ մի հնար չունի: Ամերիկան հպարտությամբ է ընդունում այն ներգաղթյալներին, որոնք օրինական ճանապարհով են մուտք գործում երկիր, սակայն անօրինական ներգաղթը մեծ վնաս է հասցնում ԱՄՆ-ին: Անօրինական ներգաղթյալների հետ միասին գալիս են նաև թմրանյութեր։ Այս տարի թմրանյութերից շատ ավելի մեծ թվով ամերիկացիներ կմահանան, քան զոհվել են վիետնամական պատերազմում»:

Ներկայացուցիչների տան խոսնակը համոզված է, որ անօրինական ներգաղթի ծավալների սահմանափակմանն ուղղված Թրամփի գործողությունները որևէ դրական արդյունքի չեն հանգեցնելու. «Սահմանին գտնվող կանայք և երեխաները ոչ թե սպառնալիք են մեր անվտանգությանը, այլ՝ մարդասիրական մարտահրավեր: Նախագահ Թրամփը, սակայն, իր անարդյունավետ և դաժան քաղաքականությամբ է՛լ ավելի է խորացնում ճգնաժամը: Նախագահ Թրամփը պետք է վերջ տա ամերիկացի ժողովրդին պատանդ պահելու և արհեստածին ճգնաժամեր հրահրելու իր քաղաքականությանը»։

Թե ինչպես կավարտվի արդեն տևական ժամանակ շարունակվող այս «հակամարտությունը», հայտնի չէ։ Բայց պարզ երևում է, որ Թրամփն իր որոշումից պատրաստ չէ հետ կանգնել, հենց այդ պատճառով էլ թերևս դիմել է ծայրահեղ միջոցի՝ դադարեցնել կառավարության աշխատանքները։

Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ