Ամանորյա և Սուրբ ծննդյան տոնական օրերին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն փոխադրել է 11 հազար 320 ուղևոր, ինչը 31%-ով գերազանցում է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հարավկովկասյան երկաթուղին։

Հաղորդագրության մեջ նշված է, որ միջազգային հաղորդակցությունում ՝ Երևան-Թբիլիսի-Երևան գնացքով, փոխադրվել է 1093 ուղևոր (աճը՝ 42%), իսկ տեղական հաղորդակցությունում՝ 9519 ուղևոր (աճը՝ 21%)։ Երևան-Գյումրի-Երևան երթուղում գործող նոր էքսպրես էլեկտրագնացքով մեկնել է 708 ուղևոր։

«Երկաթուղու ուղևորների թվի աճը նկատվում է հանրապետությունում ընդհանուր ուղևորափոխադրումների ծավալի անկման ֆոնին, ինչը վկայում է Հարավկովկասյան երկաթուղու հանդեպ վստահության մակարդակի բարձրացման մասին։ Օրինակ, եթե 2018 թվականի հունվար-նոյեմբերին ավտոտրանսպորտի ուղևորահոսքի անկումը կազմել էր 9,4%, ապա երկաթուղում արձանագրվել է աճ 5,3%-ով։ Հարավկովկասյան երկաթուղու ուղևորափոխադրումների ոլորտում դրական դինամիկան նկատվում է 2015 թվականից։ Միևնույն ժամանակ ավելանում է նաև ուղևորատար գնացքների արտադրողականությունն ու արդյունավետությունը։ Օպերատիվ տվյալների համաձայն, 2018 թվականին ՀԿԵ-ի ուղևորափոխադրումներն աճել են 5%-ով, փոխադրվել է 385 հազար ուղևոր, որից 64 հազարը՝ միջազգային հաղորդակցությունում։ Երևան-Բաթումի-Երևան երթուղով փոխադրվել է ավելի քան 53 հազար ուղևոր, ինչը վերջին 10 տարիների ռեկորդային ցուցանիշ է։ Նույնպես ռեկորդային՝ 203 հազար ուղևոր տեղափոխվել է նաև Երևան-Գյումրի-Երևան երթուղով։

Գնացքների արագությունների ավելացման (ուղևորության տևողությունը կազմում է 2 ժամ 10 րոպե) և գների մատչելիության (2500 դրամ) շնորհիվ 2018 թվականի մարտից շահագործվող Երևան-Գյումրի-Երևան էքսպրեսը մեծ պահանջարկ է վայելում քաղաքացիների շրջանում։ Էքսպրեսի ուղևորների թիվը կազմել է 14 հազար։ Մոտակա ամիսներին ՀԿԵ-ն կստանա երկրորդ նոր էլեկտրագնացք, ինչի շնորհիվ ավելանալու է հանրապետության երկու գլխավոր քաղաքների միջև կատարվող չվերթների հաճախականությունը», -ասված է հաղորդագրության մեջ։