ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի հենց սկզբում անդրադարձավ վերջին օրերին ամենաշատը քննարկված կառավարության կազմում կատարվող փոփոխություններին կամ տեղի ունեցող կրճատումներին։ Փաշինյանը շեշտեց, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում իրենք խոստացել են կրճատել նախարարությունների թիվը։ Եվ սրա նպատակն ամենևին էլ փող խնայելը չէ։

«Այստեղ նպատակը շատ ավելի կարևոր է՝ բարձրացնել պետական կառավարման մարմինների արդյունավետությունը։ Սա միակ նպատակն է, որ կարելի է և արժե ձևակերպել։ Այս առումով, իսկապես, լուրջ աշխատանք է սպասվում։ Մենք կառավարությունում մի քանի քննարկումներ ենք ունեցել տարբեր ֆորմատներով։ Երկու օր առաջ նաև ամբողջ կառավարության ֆորմատով և դեռ էլի քննարկումներ կունենանք։ Իհարկե, մենք համոզված ենք, որ պետք է շարժվել այս ճանապարհով, որի համար ՀՀ քաղաքացիներից ստացել ենք այդ մանդատը։ Այս ընթացքում մենք, իհարկե, կլսենք բոլոր տեսակետները հնարավոր կոնֆիգուրացիաների մասին և կկայացնենք առավել բալանսավորված որոշում», -նշել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծում է, որ կառավարությունն այս հարցում լինելու է հետևողական և հաստատուն, իսկ արձանագրված լուծումները կգոհացնեն բոլոր այն մարդկանց, ովքեր մտահոգված են ՀՀ-ում պետական կառավարման արդյունավետության խնդիրներով։

Փաշինյանը նկատեց, որ Սփյուռքի նախարարության հետ կապված սխալ կարծիք է ձևավորվել հասարակության շրջանում։ Հստակ է, որ Սփյուռքի և կառավարության հարաբերությունները և գործակցությունը պետք է դարձնել առավել արդյունավետ։ Վարչապետի պաշտոնակատարն ասում է․«Այս առումով մենք որոշակի մոդել ու առաջարկ ունենք, որը ենթադրում է, որ Սփյուռքի հետ հարաբերությունների մակարդակը ոչ թե կնվազեցվի, այլ կբարձրացվի։ Մենք այդ մոդելի վերաբերյալ առաջիկայում քննարկումներ կունենանք Սփյուռքի մեր հայրենակիցների հետ և հույս ունեմ, որ այս հարցի վերաբերյալ կհասնենք համաձայնության և կոնսենսուսի»։