Ամանորյա տոները տանից դուրս անցկացնող ռուսաստանցիների շրջանում ամենամեծ պահանջարկ ունեցող ռուսաստանյան քաղաքը եղել է Մոսկվան, ապա՝ Սանկտ Պետերբուրգը, Սոչին ու այլ հարավային քաղաքներ։ Նախորդ տարվա նույն օրերի հարաբերությամբ՝ այս տարվա տոնական օրերին պահանջարկի ամենամեծ աճը գրանցել է Պետերբուրգը՝ մոտ 23 տոկոս։

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հիմնվելով տուրօպերատորներից մեկի տեղեկությունների վրա, ամենապահանջված օտար ուղղությունը եղել է Հայաստանը։ Նախորդ տարվա նույն օրերի համեմատությամբ այս տարի Հայաստան այցելել ցանկացող ռուսաստանցի զբոսաշրջիկների քանակը աճել է 68 տոկոսով։ Ընդ որում՝ այցերի գներն էլ իջել են 5 տոկոսով։

Իր դիրքերն ամրապնդել է նաև Վրաստանը՝ 42 տոկոսով։ Փոխարենը ռուսաստանցիների հետաքրքրությունը նվազել է Թուրքիա, Իտալիա, Թաիլանդ ուղղություններով։

Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ