Գնալով զորանում է կասկածը, թե մեր օլիգարխները, վարակված հեղափոխություն արած մարդկանց ապրած զարթոնքից, վարակված մարդկանց ինքնագիտակցության աննախադեպ վերելքից, տոգորված աննախադեպ մի բարի նախանձով, իրենք էլ իրե՛նց զարթոնքն են ապրում, իրե՛նց ինքնագիտակցությունն ու ինքնագնահատականն էլ է աննախադեպ վերելք այսօր ապրում:

Ես ավելի՜ն ասեմ. նման ինքնագնահատականի վերելք է նկատվում նաև մեր այդ «մենաշնորհալի» օլիգարխների արտադրած կամ ներկրած ապրանքների՜ շրջանում: Այնպիսի աննախադեպ վերելք են դրանց ինքնագիտակցությունն ու ինքնագնահատականն ապրում, որ դրանց գներն են աննախադեպ ելնո՜ւմ, աննախադեպ բարձրանո՜ւմ ու անհասանելի դառնում:

Հա՛, օլիգարխներն ու իրենց ապրանքներն են հիմա էլ, հավեսի ընկած, հեղափոխություն անում, հեղափոխական հզոր վերելք ապրում, իրենց ինքնագնահատականն ու գինն աննախադեպ բարձրացնում: Հա՛, գներն արդեն երկրային բոլոր բարձունքները գրավել, երկինք են հասել, երկինքն են գրոհում:

Դե ինչ, հեղափոխությունը ենթադրում էր փոփոխությո՞ւն: Խնդրե՛մ, ի՜նչ վատ փոփոխություն է: Ի՜նչ վատ է, որ անգամ մեր հավն ու տավարը, մեր խոզն ու ոչխարն են իրենց իսկական ինքնագնահատականն ու գինը վերջապես իմանում, իրենց վայել բարձր գնով իրենց օժտում: Ի՜նչ վատ է, որ էդ տավարի տված կաթն ու դրանից մերած սննդամթերքն են իրենց արժանի ու արժանավայել գնով իրենց օժտում: Ի՜նչ վատ է, որ շուտով էնքան բարձր գնով դրանք իրենց կօժտեն, որ լրիվ կազատագրվեն, լրիվ կձերբազատվեն սրա-նրա սեփականությունը դառնալու ստրկական ապագայից, լրիվ կազատվեն սրա-նրա ստամոքսի գերին ու զոհը դառնալու իրենց հեգ ապագայից, քանզի դրանց գինը շուտով էնքան կբարձրանա, որ կսպառվեն դրանք ձեռք բերելու բոլո՜ր հնարավորությունները:

Հա՛, էսպես որ գնաց, պանրի գինը շուտով արծաթի գինը կգերազանցի, կարագինը՝ ոսկու, իսկ միսը շուտով ոչ թե կիլոգրամով ու ոչ թե գրամով, այլ կարատով միայն մարդկանց կվաճառվի: Եւ, ըստ այդմ, որպես պերճանքի առարկա, ակցիզով դրանք շուտով վայ թե օժտվեն: «Հուսամ»՝ կառավարությունը, ծխախոտի ու խմիչքի գինը բարձրացնելու հարցին զուգահեռ, մտածում է նաև արդեն զարթնած ինքնագիտակցությամբ մեր էդ թանկ-թառլան ապրանքնե՛րն իրենց արժանի՜, վայե՜լ ակցիզով օժտելու անհետաձգելի ու կարևոր հարցի շուրջ:

Բա ո՞նց, մենք որ մեր ապրանքներին տեր չկանգնենք ու մեր ապրանքների գինը իրենց արժանի բարձունք մենք որ չհասցնենք, օտարի ցավը կտրվե՞լ է՝ գա, դրանց գինը բարձրացնի, դրանց արժանի բարձունքներ հասցնի:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ