Իդիլիան կամ հովվերգությունը անխռով ու պարզ, երջանիկ-խաղաղ կյանքն ու այդ կյանքի տեսարաններն են, որտեղ բոլորը՝ մարդ թե անլեզու, գոհ ու երջանիկ ապրում են գողտրիկ բնության գրկում: Մարդիկ սրինգ են նվագում, նվագ ըմբոշխնում, նվագը լռեց՝ անդորր ըմբոշխնում, անլեզուներն էլ էդ նվագի տակ խաղաղ արածում, նվագը լռեց՝ քաղցր-անուշ մայում

Դիլեման արդեն խճճված ու շտապ լուծում պահանջող մի երկընտրանք է, երկու լուծումից շտապ մեկն ընտրելու ծա՜նր երկընտրանք, որ խանգարում է առաջին հերթին վերը հիշված ա՜յ այդ իդիլիային:

Հա՛, իդիլիա էր ողջ անցնող տարին: Ամեն բան պարզ էր ու հրաշալի: Բարին հաղթում էր չարին, լույսը՝ խավարին, ճերմակը՝ սևին:

Ավա՜ղ, տարին ավարտվեց, նոր պառլամենտը ուզածի նման ընտրվեց, նոր իշխանությունն ուզածի նման կառավարություն կձևավորի, ուայ ստեղ արդեն իդիլիան վայ թե դառնա դիլեմա:

Ինչո՛ւ: Որովհետև առջևում երկու ճամփա է՝ հինն ու նորը: Հինը շարունակես՝ նորից փակուղի հաստատ կմտնես, նոր ճամփա՛ն մտնես՝ ամեն բան պիտի զրոյից սկսես:

Հին ճամփան, որքան էլ էդ ճամփին անկաշառ հսկիչ ու պատրուլ դնես, մեկ է, կտանի դարձյալ դեպի նույն կոռուպցիա, օֆշոր, դարձյալ դեպի սոցիալական անողորմ անհավասարություն, դեպի թաղերի անտառաճանաչ, սակայն աչքաբաց տղերքի ճարպիկխիզախ» գործարքներ, դեպի լպիրշ ու ամբարտավան կենցաղ, նենգ ապրելակերպ, դեպի տգիտության մի նոր հաղթանակ:

Հին ճամփեն ելած հին իշխանությունն իր ձեռի տակ եղած «մատերիալներից» իր համար ծեփել էր կեղծ ընդդիմություն, շուրջը բոլորին համոզում էր, թե էդ խամաճիկը, էդ գեշ տիկնիկը ինքնուրույն շնչել ու շարժվել գիտի, ինքնուրույն գործել ու դիմադրել գիտի: Արդյունքում՝ լրիվ բմբլահան արված ու արդեն էփած հավերն էնպես էին էդ ասածներից փշաքաղվում, որ նոր բմբուլներ էին վրաներն աճում ու բիզ-բիզ կանգնում:

Ըստ էդ հին ճամփի փիլիսոփայության, ըստ էդ հին ճամփի դեռ արթուն ոգու՝ էսօր էլ նման մի ընդդմություն դառնալու հակում դրսևորում է, օրինակ, պարոն Էդ. Մարուքյանը: Բայց ախր պարոն էդ Մարուքյանը չէ՞ որ կդառնա անճոռնի պատճենն էն մյուս «ընդդեմի»՝ Արթուր Հեռացյալ Բաղդասարյանի: Իսկ դա ինչ է նշանակո՞ւմ: Դա նշանակում է, որ նո՛ր ճամփանչկա, դեռև՛ս չկա. նոր ճամփի տեղը առայժմ համակ ամայություն է. այդ ճամփան պետք է նոր հարթել-գցել:

Բայց արդյո՞ք էդքան բանի հավես կա: Արդյո՞ք չի սպառվել խանդավառությունն ու բարի կամքը: Այդ հարցին միայն մի ձևով է հնարավոր պատասխան տալ. անել նոր ճամփի քայլերն առաջին ու հետ գնալու տեղ առաջ ընթանալ:

Ախր բանն այն է, որ որքան մեծ է լինում խանդավառությունը, այնքան մեծ է լինում հիասթափությունը, երբ երազների կենսագործման տեղ, հեքիաթ են պատմում՝ որպես պատասխան, որպես անկատար երազի դիմաց միկոմպենսացիա: Որքան հույսը՝ շատ, այնքան հուսախաբ լինելու վախը՝ մեծ ու ահագին:

Նոր ճամփեն երկու հիմքի վրա է հարկավոր գցել:

Առաջին հիմքը վաղուց մոռացված սոցիալական հիշյալ արդարությունն է, երկրորդն այդ հիմքին տեր կանգնող կարգին ընդդիմությունն է: Սոցիալական արդարությունը նորից հետին պլան հենց մղվեց, եղած խանդավառությունն ու ոգևորությունը հօդս կցնդեն, ու դրանց տեղը մարդկանց սրտերում նորին մեծություն կասկածը իսկույն կբնավորվի:

Բայց սոցիալական արդարություն ներդնելու գործում մի մեծ, մի ահեղ դժվարություն կա: Բանն այն է, որ «քաղաքակիրթ», բայց այսօր ոչ էնքան կիրթ այս աշխարհը շուտով կսկսի մեզ պարտադրել իր տխրահռչակ ու իր սիրեցյալ ստանդարտները: Էդ ստանդարտների վատն այն է, որ դրանք վերաբերում են միայն անհոգի, միայն անշունչ ու միայն իրենց հասկանալի կատագորիաների: Էդ ստանդարտները պահանջում են, որ մեր խանութներում ապրանքները նույն գինն ունենան, ինչ իրենց, ասենք, Եվրոպայի խանութներում, բայց ամեն անգամ մոռանում են պահանջել, որ մեր աշխատավայրերում նույնպես մարդկանց, իրենց աշխատանքի դիմաց, վճարեն այնքան, որքան վճարում են այդ նույն Եվրոպայում: Այդ ստանդարտները պահանջում են, որ մարդիկ ընդունեն իրենց «քաղաքակիրթ» բարքերը, բայց ոչ իրենց բարիքներըԱրդյունքում «բարքերն», առանց բարիքի, սկսում են այնպես արագ ներդրվել, որ ներդրվածն էդչարիք է դառնում:

Եթե հիշենք նաև, որ այդ ստանդարտները ներդնելու փորձադաշտն էլ հինգհազարամյա պատմությամբ ու սեփական անխառն մշակույթով ունիկալ ազգ է, ապա, որպես այդ ազդեցության հակազդեցություն, մարդկանց խորշանքն ու խռովքն անխուսափելի է:

Բա՜, տեսնում եք ինչ փորձություն է սպասում հիշյալ իդիլիային, ու տեսնում եք, թե ինչ բարդ դիլեմա դառնալու վտա՛նգ է սպասում հիշյալ իդիլիային:

Պլյուս դրան՝ ընդդիմություն չկա, որ մարդկանց այդ վախն ու կասկածը նկատի, դրանց տեր կանգնի: Մարուքյա՞նը պիտի դրսից խուժելիք էդ բարքերին ու չխուժելիք բարիքներին տեր կանգնի: Բնա՛վ: Էդ մարդը մինչև իր ուղն ու ծուծը «քաղաքակիրթ» մարդ է, էդ մարդը «պրոֆեսիոնալ պատգամավոր», բայց, լուսահոգի պապուս ու լուսահոգի տատուս ասածով, «ծակ պրոֆեսոր» է: Վաղը փուքսը թողեց, սոսկ ֆսսոցն է գալու, ու հսկայական ճախրո՜ղ փուչիկը ոտատակ ընկած լաթ է դառնալու:

Պապուս ու տատուս ու ձեր խոնարհ ծառայի սույն առակն էսպես զինչ կցուցանե՞: Կցուցանե, որ հեղափոխության թավիշը մաշվել, շուտով թավիշն էդ կրել չի լինի: Իսկ առանց իր հիշյալ էդ թավշե հանդերձի՝ հեղափոխությանն սպառնում է մոտալուտ մերկություն, էն էլ՝ էսցրտին, թե նոր՝ տա՛ք հանդերձ շտապ չճարվի:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հ.Գ. Իսկ փուչիկի՛ տեղ նորմալ աշխատող գլո՛ւխ է հարկավոր: