Ես և Զարզանդիկս շատ ենք զարմանում, թե էդ ոնց է, որ 3-րդ հանրապետության պետական տոների շարքում չկա ‹‹ՀՀ Էներգետիկ կախաղան›› պետական տոնը: Զարմանում ենք, զարզանդվում ենք, սակայն քիչ անց համեստորեն լռում ենք, այնինչ անհրաժեշտ է անհամեստորեն բղավել, որոտալ և հողմամրրիկ սանձազերծել: Կներեք, մենք հո չենք կարող ամբողջ կյանքում կանգնել էներգետիկ կախաղանի տակ: Որ ինչ…

***

Համեստս անհամեստորեն ճիշտ է: Ինչպես միշտ: Մենք, այսինքն՝ մեր նախորդ 3 նախագահները, 14 վարչապետները և 1213 երեսփոխանները ամեն բան արել են, որ երկիրը կախվի էներգետիկ կախաղանից, այն է՝ ռուսական գազից, Տաշիրի Սամվելի անձնական օգտագործման էլեկտրաէներգիայից և արևային էներգիայի օգտագործման սին երազանքից: Բնականաբար ‹‹Մենք ենք տերը մեր երկրի›› նշանաբանը պետք է աննշան իմաստափոխվի և դղրդա ահա էապես. ‹‹Մեր աթարով և մեր բիոգազով փրկվում ենք ռուսական գազակախաղանից››:

***

Այո, Բուրաստան կովը մեզ կփրկի կախաղանից: Սույն կարմրագավակ, կապտաչ և կաթնառատ կովը երկրի էներգետիկ փրկության խորհրդանիշն է և արժե նրա կավե հուշարձանը ժամանակավորապես տեղադրել ‹‹Հանրապետության›› հրապարակում (ներկա վիճահարույց տոնածառի տեղը), մինչև որ կախաղանը կազմաքանդվի: Բուրաստանը ազգային աթարի արտադրության խթանն է: 3-րդ հանրապետության 15 հազար կովերը, 5 հազար եզներն ու 1500 ցլերը մեկ օրվա ընթացքում բարեխղճորեն կենսավառելիք կարտավիժեն միջին հաշվով 2.5կգ: Ահռելի այս վառելիքը 1 շաբաթ կչորացնենք հայկական կենարար արևի տակ և կօգտագործենք կենսագազի կայաններում:

Մի քանի նման կայան արդեն իսկ աշխատում են տարբեր համայնքներում: Երևանը կարելի է կայանապատել: Ներկա իշխանությունները, ցավոք սրտի, այլընտրանքային էներգիան համարում են միայն արևը, սակայն այն լիասիրտ օգտագործել դեռ վախենում են: Կախաղանի բարդույթն է նրանց ահաբեկել: Այսպես՝ 2018-ի վերջերին մեկնարկեց ‹‹Երևան՝ արևային համայնք›› ծրագրի առաջին փուլը, որը նախատեսում է 52 շենքի տանիքների վրա տեղադրել արևային մարտկոցներ:

Երևանում առնվազն 20 հազար շենք կա: Քանի՞ տարի է պետք, որ ողջ մայրաքաղաքն օգտվի արևային կայանների ծառայությունից: Առնվազն 500 տարի: Մի խոսքով հենց ‹‹Բուրաստան կովը՝ էներգետիկ բալասան›› ծրագրով է հնարավոր չափել ներկա իշխանությունների վախը:

***

Այո, կենսագազի կայաններն են մեր ապագան: Դրա համար անհրաժեշտ է ամենուր կառուցել հայրենական աթարի ամրոցներ: Ժամանակին բոլոր գյուղերի, բոլոր տների բոլոր բանջարանոցների վերին աջ անկյունում հպարտ վեր էին խոյանում աթարի ամրոցները. սովորաբար 2 մետր բարձրությամբ, բրգանիստ և մեղմ դարչնագույն: Դրանք ողջ ձմեռ տաքացնում էին հայ օջախները՝ հիմնականում ապահովելով հայոց թոնիրների մշտավառ աշխատանքը:

Այսօր պետք է բազմաբնակարան շենքերի տանիքների վրա նման ամրոցներ կառուցել, շենքերի նկուղներում էլ՝ կենսագազի կայաններ տեղադրել, որոնք ձմռան ամիսներին կապահովեն բնակիչներին ջերմությամբ, ամռան ամիսներին տաք ջուր կմատակարարեն բաղնիքներ և խոհանոցներ:

Հաշվարկել ենք, որ 100 բնակարան ունեցող բազմաբնակարան շենքին մեկ տարվա կտրվածքով անհրաժեշտ է 100 աթարամրոց և 7 կենսագազակայան:

***

Այս ծրագրի դեմ, որ քաղաքական հզոր կռվան է, հիրավի խաղ չկա: Շուկա կորցնելու վախից՝ ՌԴ-ն կդադարեցնի գազային տեռորը և հայաստանյան իշխանություններից ծնկաչոք կխնդրի գազաբազարը չփակել: Մի խոսքով՝ Ռուսաստանը խոնարհ կթակի մեր դուռը, իսկ մենք այդժամ կմտածենք արտահանե՞լ, թե՞ չարտահանել մեր թավշյա հեղափոխության նման մի բան ռուսաստանյան հսկայածավալ հարթություններ: Սակայն եկեք հարցի քաղաքական կողմը դնենք մի կողմ:

Վերականգնված գազային մատակարարման պայմաններում ինչ ենք անելու մեր աթարային էներգիա՞ն:

Նախ դրա բնահիմքն ազգային հարստություն է, որը կարող ենք վերականգնված հայոց տնտեսությունում անսպառ օգտագործել, երկրորդ՝ միանգամայն շահավետ պայմաններով մեր կենսագազի ավելցուկը կարտահանենք Եվրոպա:

Զարզանդ ԶԵՓՅՈՒՌՅԱՆ

Համեստ ԲԵԿ-ՄՐՐԻԿՅԱՆ