Այս տարի և՛ մեզանում, և՛ Ռուսաստանում լրանում է փաստացի իշխանափոխության 20 տարին: Ու եթե Ռուսաստանում այդ իրադարձությունը հոբելյան ու տոն է, ապա մեզանում՝ հիշատակի օր ու տարելից է: Բանն այն է, որ զարմանալի մի զուգադիպությամբ 20 տարի առաջ՝ 1999-ին, սկիզբ դրվեց երկու զուգահեռ ուղու՝ մե՛ր ու ռուսների՛ անցնելիք ուղու:

1999-ի օգոստոսին իրեն վստահված երկիրը վերջնականապես «սառծիր» դարձրած ու այդպես էլ նորմալ «պախմելիցա» չեղած ՌԴ նախագահ Բորիս Ելցինը ՌԴ վարչապետ նշանակեց Վլադիմիր Պուտինին, որն էլ, վայրկյան իսկ չկորցնելով, ի լուր աշխարհի հայտարեց. «Мы будем преследовать террористов везде. В аэропорту - в аэропорту. Значит, вы уж меня извините, в туалете поймаем, мы и в сортире их замочим, в конце концов. Всё, вопрос закрыт окончательно».

Ու այդ պահից սկսվեց Ելցինի՝ «սառծիր» սարքած մեծ տան ռեստավրացիան ու այդ տանը բնակվող ժողովրդի ռեանիմացիան: Այդ օրից Պուտինը փաստացի իր ձեռքը վերցրեց իշխանությունը հոգեվարքի մեջ ընկած մի երկրում, որի վախճանը համայն աշխարհն արդեն ակնկալում էր ամեն հաջորդ վայրկյան: Ոչ ոք չէր հավատում, որ մահամերձը ոտքի կկանգնի. բոլորն աշխարհում պատրաստվում էին դրա հոգին տալուն ու հոգեհանգստին: Բայցհրաշք եղավ: Հրաշքին փոքր-ինչ ուշ կանդրադառնանք:

Նույն 1999-ի հոկտեմբերի 27-ին մեր երկրում նույնպես, մեր պառլամենտի մի քանի րոպե տևած գնդակահարությունից հետո, իշխանությունը ամբողջովին անցավ մի անհատի ու իր կլանի ձեռքը: Եթե մինչ այդ երկրում փաստացի իշխանությունը Կարեն Դեմիրճյան-Վազգեն Սարգսյան զորեղ տանդեմի ձեռքն էր, ապա նրանց եղերական վախճանից ու աննախադեպ անմարդկային ու վայրագ գնդակահարությունից հետո ողջ իշխանությունն անցավ Ռոբերտ Քոչարյանի ու իր կլանի ձեռքը: Ու այդ պահից ի վեր, ավելի ճշգրիտ՝ այդ պահից ի վար մեր երկիրը մտավ Քոչի ժամանակաշրջան:

Մի այլ զարմանալի, ես կասեի մարգարեական զուգադիպությամբ՝ եթե ՌԴ-ում նախախնամության կամքով իշխանությունը իր ձեռքը վերցրեց Պուտին անունով առաջնորդն ու իր ժողովրդին նորմալ, ճիշտ ուղի այդ օրից հանեց ու առաջնորդեց, ապա մեզանում իշխանությունը իր ձեռքն առավ Քոչ-ար-յան անվամբ առաջնորդն, ու իր ժողովրդինքոչի էլ հենց հանեց: Հա՛, հենց այդ Քոչարարի իշխանության օրոք սկսեց կենսագործվել բոլոր ժամանակների ամենանենգ ծրագիր-հայեցակարգը. չես սիրում ժողովրդիդ՝ այնպես արա, որ հեշտքոչի-գնա, գործդ թեթևանա:

Հոկտեմբերի 27-ի զոհերի հոգեհանգստի օրը վերոհիշյալ երկու անհատներն առաջին անգամ հանդիպեցին իրար: Հանդիպեցին, ինչպես զուգահեռ գծերով իրար հակադարձ ընթացող երկու տարբեր գնացքներ վարող մեքենավարներ, որոնք տեսնում են իրար սոսկ մի պահ ու շարունակում իրենց ընթացքը իրենց ճամփեքով:

Նույն տարվա վերջին վայրկյանին «մեծ սարծիրի» հեղինակ Բորիս Ելցինը մեղայականով համեմված իր հրաժարականը հրապարակայնորեն տվեց, ու իշխանությունն արդեն նաև դե յուրե անցավ Պուտինին, որն էլ շուտով հաղթեց նախագահական ընտրություններում՝ դառնալով ՌԴ երկրորդ նախագահը:

Ժամանակը ցույց տվեց, որ եթե ՌԴ երկրորդ նախագահ Պուտինի վարած գնացքն ընթանում էր դեպի այն կողմ, որի անունն էր ՎԵՐԵԼՔ, ապա ՀՀ երկրորդ նախագահ Քոչարարի վարած գնացքն ընթանում էր դեպի այն կողմ, որի անունն էր ՎԱՅՐԷՋՔ, և որի վերջին կանգառի անունն էր ԱՆԴՈՒՆԴ

Հա՛, ժամանակը ցույց տվեց, որ հոգեվարքի մեջ տապակվող Ռուսաստանը, նախ, ոտքի կանգնեց, ապա իր այդ պուտինյան ուղիով գնաց դեպի բարգավաճում ու հետզհետե սկսեց վերադարձնել կորուստները՝ իր տարածքները, իր արժանապատվությունը, իր հեղինակությունը, իր ժողովրդի պատրիոտիզմն ու լավատեսությունը: Ռուսաստանի կազմ հետ վերադարձվեցին ոչ միայն արդեն դե ֆակտո գրեթե անկախ երկրներ դարձած, սեփական-տեղական սամանադրությունը դաշնային սահմանադրության հանդեպ գերադաս հռչակած ՌԴ մանր ու մեծ սուբյեկտ-հանրապետությունները, այլև դե-ֆակտո Աբխազիան ու Հարավային Օսեթիան: Կատարվեց անգամ անհավանականը. և՛ դե ֆակտո, և՛ դե յուրե ՌԴ կազմ վերադարձավ Ղրիմը:

Ռուսատանն իր պատմության մեջ առաջին անգամ դիրքերն ամրապնդեց անգամ Միջերկրական ծովի կարևորագույն ափերին ու ջրերում: Ռուսական նման աննախադեպ ռեանիմացիայից արար աշխարհն այնպիսի շփոթմունքի մեջ ընկավ, որ ոմանք ցօրս ուշքի չեն գալիս:

Իսկ ի՞նչ կատարվեց ՎԵՐԵԼՔ երթուղուն հակառակ՝ ՎԱՅՐԷՋՔ երթուղով գնացքը վարող մեքենավարի՝ Ռ. Քոչարարի գնացքի հետ: Կատարվեց այն, ինչ անխուսափելի էր. ազգը քոչեց-կիսվեց, մի բուռը կես բուռ դարձավ, հանուն Արցախի պատերազմում հաղթանակած բանակը ճահճացավ: Այն բանակը, որին մի կերպ, արհեստականորեն, խուճապի մատնված էմիսարների նսեմ ջանքերի գնով, զոռով-շառով կանգնեցրին, որի դեմը խուճապահար առան, որ չգնա Կիրովաբադ ու Բաքու չգրավի, մի քանի տարում այնպես ճահճացավ, որ երբեմնի լիակատար ու վերջնական կապիտուլյացիայի ու ոչնչացման շեմին հասցրած իր ոսոխին թույլ տվեց՝ այն աստիճան երես առնի ու համարձակություն չգիտես որտեղից հայթայթի, այնպես հղփանա, որ իր այդ ոչ հեռավոր անցյալը մոռանա ուինքն անցնի հարձակման

Ինչո՞ւ: Որովհետև երկրի գլուխ էին անցել էս-էն թաղից հավաքած նախկին «թաղ նայողներ»: Որովհետև պատերազմում տարած հաղթանակը մոռացած՝ տգիտությո՛ւնն էր իր հաղթանակը տոնում: Տգիտության, ի՜նչ տոն, տգիտության փառատո՜ն ու տգիտության տոնավաճա՜ռ էր երկրում ուղիղ 20 տարի:

Տնտեսությո՛ւնը: Տնտեսությունը նույնպես պառլամենտի պես գնդակահարվեց, թաղվեց, օտարվեց: Երկրի նյութական հարստությունը Քոչարարի օրոք իր մյուս՝ գլխավո՛ր հարստության՝ ԺՈՂՈՎՐԴԻ պես նույնպես քոչեց: Ու եթե քոչած ժողովուրդը գաղթավայրերում գասթրաբայթեր դարձավ, ապա քոչած բարիքը օֆշորներում մեր «օստապ բենդերների» ու «պանիկովսկիների» «ռեզերվ» ու «ֆոնդ» դարձավ:

2008-ին և՛ Ռուսաստանում, և՛ Հայաստանում իշխանություն փոխվեց: Զուգադիպությո՞ւն էր: Արդեն ոչ: Քանզի Ռուսաստանում Մեդվեդևը շարունակեց Պուտինի աննկատ հսկողության տակ Պուտինի ծրագրերը կենսագործել, իսկ Հայաստանում Սերժ Սարգսյանը շարունակեց Քոչարարի՛ ծրագիրը կենսագործել:

Չորս տարի հետո Պուտինը նորից վերադարձավ նախագահի պաշտոնին: Վերադարձավ առավել բարձր վարկով ու վարկանիշով ու առավել հեռահար ծրագրերով, սառնասրտորեն շարունակեց դրանք կենսագործել ու Ռուսաստանն էլ ավելի հզորացնել, անճանաչելիորեն փոխել, զարգացնել:

Մեզանում նույնպես շարունակվեցին անփոփոխ մնալ նախկին նախագահի ծրագրերը, և ուստի մեզանում շարունակվեց քոչը, շարունակվեց մարդկանց չքավորությունն ու չքավորացումը, շարունակվեց տնտեսության ոչնչացումն ու օֆշորացումը, շարունակվեց թալանն ու համատարած կոռուպցիանմինչև որ եղավ թավշյա հեղափոխությունը: Միակ լուսավոր բանն այս 20 տարվա մեջ, քանզի միակ բանն էր այդ 20 տարվա մեջ, որի հեղինակը ոչ թե Քոչարարն, իր հետնորդը ու իր հետևորդներն էին, այլ ժողովուրդը:

Արդյունքում՝ այս տարին սկսում ենք նոր պառլամենտով ու նոր իշխանությամբ: Ասացի արդեն, որ դա ժողովրդի շնորհքն է: Ու այդ նույն ժողովուրդը, կարծում եմ, այսուհետ հաջորդ քայլը կանի. հետ կվերադարձնի իր բոլոր կորուստները: Նման կորուստներ վերադարձնելու համար ռուսներից 20 տարի պահանջվեց:

Մեզանի՞ց տեսնես որքան ժամանակ դրա համար կպահանջվի:

Այ էդ բա՛նն արդեն սոսկ Մեկը գիտի՝ Երկնային Աստվա՛ծ:

Եւ ուրեմն՝ ա՛մեն:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ