Երբ ստիպված ես համադրել ու ոչ միայն
Վերջին երկու տասնամյակում հայերիս սևեռուն ուշադրության կենտրոնում կրկին հայտնվեց Բաթումը ու դա այստեղ նախևառաջ հանգստի կազմակերպման մատչելիությամբ: Ինչ-որ տեղ նաև սրտի ցավով պիտի նկատել, որ այն առաջնայնությունն այդպես էլ չի զիջում

հայաստանյան հանգստյան գոտիներին, որտեղ անգամ կարճատև հանգստի կազմակերպումը հարուստի հաճույք է մնում, իսկ երկարի մասին բնականաբար խոսք չի էլ կարող լինել:

Hotel Hilton
Hotel Hilton

Իմ ու կնոջս ամանորյա հնգօրյա հանգիստը Բաթումի հինգաստղանի «Հիլթոն» հյուրանոցում մոտենալու փորձ իսկ չարեց ամերիկյան հազար դոլարին, մինչդեռ ծաղկաձորյան եռօրյա հանգստի համար պահանջվում էր 1.200.000 դրամ: Խոստովանենք՝ համեմամետելի չեն ոչ միայն գումարի, այլև հանգստին հատկացվելիք ժամանակի տեսակետից: Սակայն տպավորություններով կիսվելուս պատճառը բնավ էլ այս անհամադրելիությունը չէ, որքան էլ այն մանրուքների շարքից չէ ու ավելի քան առարկայնորեն խոսում է տուրիզմի կազմակերպման ու զարգացման հայերիս ու վրացիների ունեցած մոտեցումների տարբերության մասին:

Թե բնակություն հաստատելու, թե աշխատանքային գործունեություն ծավալելու տեսանկյունից Բաթումն էն գլխից է եղել հայ տարրի ուշադրության կենտրոնում: Ըստ այդմ հայաշունչն այստեղ լայնորեն է ներկայացված եղել: Ում համար ցավոք, ում համար՝ ոչ, վերջին տարիներին այստեղ սկսել է ինտենսիվորեն տիրություն անել թուրքերենը ու դա ոչ միայն լեզվի առումով: Լեզուն խորքային զարգացումներ ունեցող գործընթացներում առայժմ ածանցյալ է: Այն հետագայում է իրեն արմատապես զգացնել տալու, իսկ առայժմ շատ ավելի գայթակղիչ ու անվտանգ գույներով ներկայացող թուրքական կապիտալն առատորեն հոսում է Բաթում, դառնում բնակելի շենք, հյուրանոց, խանութ, հանգստյան գոտի ու առհասարակ ցանկացած բան, որտեղ փող կա, շահույթ:

1915-2015-ը խարան է ու հիշեցում
Շատ ջուր քաշող այս թեման, որն, ի դեպ, հիմնախնդրային է դառնում նաև մեզ համար, թողնենք մի կողմ ու դառնանք այս նյութի համար հիմք ծառայած բուն շարժառիթին:

Լուսանկարը՝ Henq.am

Բաթումի Սուրբ Փրկիչ հայ առաքելական եկեղեցու մոտով անցնելիս ուշադրությունս գրավեց թուրք զբոսաշրջիկների խումբը, որոնցից մեկին չէ, որ կհանդիպես քաղաքում շրջելիս: Այդ հետո ինձ տեղի հոգևոր հովիվ Արարատ քահանա Գումբարյանը կպատմի, որ եկեղեցին թուրք զբոսաշրջիկների թիրախավորված կենտրոններից է: Դժվար չէ գլխի ընկնելը, թե կեղծարարության մեջ փայլուն վարժված գիդն ու նրա համքարակիցները պատմությունը ոնց են ներկայացնում, հարմարեցնում իր ու իրենց երկրի պաշտոնական գաղափարախոսությանը, սակայն սույնում ոչ պակաս առանցքային է ներկայանում եկեղեցու բակում տեղադրված խաչքարը, որը կանգնեցվել է ի հիշատակ Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյակի ոգեկոչման:

Խաչքարը կանգնեցնելն, ի դեպ, առանձնակի բարդություն չի եղել այն նախաձեռնողների համար։ Նախ՝ Բաթումը կրոնական կյանքի առումով տոլերանդ քաղաք է և, երկրորդ, խաչքարի վրա Եղեռնի մասին պատմող, հուշող ոչ մի բառ չկա, որ քաղաքային իշխանությունները փորձեին պոչ խաղացնել: Փոխարենը մահասարսուռ 1915 թիվն է ու նրան հաջորդած անզորության հարյուր ամյակը փաստող 2015-ը՝ընդամենը մի գծիկով զատված այս երկու չոր թվերը՝ երկու հզոր խարան-դաջվածք-վկայություն այն մասին, թե որն է Եղեռնը հղացածների ու իրականացրածների իրական դիմագիծը, կերպը, տեսակի բնութագրականը ու գնալով որքան անպաշպան են ներկայանում նրանք քաղաքակիրթ մարդկությանն իրենց համառող անհանդուրժողականությամբ, սեփական պատմության հետ առերեսվելու իրենց համառելու տկարամտությամբ:

«Երեխե՜ք, եկեք հա՛ց տամ»
Կասեք զոհի բարդույթով տառապողի գնահատական-մտասևեռումնե՞ր են ասածներս: Չարաչար սխալվում եք, եթե անգամ ցավի անզորությունից է ձեր այդ պոռթկումը, իսկ ես ձեզ հակադարձեմ ինձ համար անասելի դառը, կուլ չգնացող այս պատմության վկայակոչմամբ:

Գաղթի ճանապարհին հորենական տատս չորս երեխա է կորցրել: Ոչ իր մեղքով: Կրկնում եմ՝ ո՛չ իր մեղքով, սակայն մահկանացուն կնքելիս նրա վերջին բառերն ապրողներիս չէր ուղղված, այլ Մեծ Եղեռնին կուլ գնացած, անհայտությանը բաժին հասած իր զավակներին՝ երեխե՜ք, եկեք հա՛ց տամ:

Տատս իր կյանքի այս ողբերգական եղելությունից հետո ու դրա մեջ ապրեց ևս 58 տարի՝ մոտավորապես այնքան, որքան այս մեղսավոր աշխարհում ապրում եմ ես, ու այդքան տարի ապրեց ցավի այս սպանող զգացումով:
Հասկանում ե՞ք ինչ եմ ասում:
Մարդն էս աշխարհից գնաց խռով, աշխարհ, որ չէր կարողացել ապահովել անպաշտպան երեխաների ապրելու անկապտելի իրավունքը:

Ինձ՝ Մարտին Հուրիխանյան կոնկրետ անձիս համար Եղեռնն իր ողջ իմաստով ու բովանդակությամբ իմ հորենական տատի վերջին շնչում արտաբերած այս վերջին բառերն են՝«Երեխե՜ք, եկեք հա՛ց տամ» ճիչ-աղաղակ-հոգեհան աղերսանքով, ու, Աստված մի արասցե, որ ես էլ իմ բաժին աշխարհից գնամ նույնքան խռով... իսկ նման որքա՜ն պատմություններ կան, որքա՜ն մարդկային ողբերգություններ, որոնք այդպես էլ դադար չեն առնելու, հանգիստ չեն թողնելու, քանի դեռ եղեռնագործի մոտ չկա սեփական մեղավորության, ինքն իր ներսում նստած խորշակից ազատագրվելու գիտակցությունը, որն արդեն միայն իր պրոբլեմը չէ, այլ՝ հանուրի՜նս, քանզի չքաղաքակրթվածը նույն վայրենին մնացած գազան է, ու չկա երաշխիք, որ նրա արնոտ երախը նորից ծարավ չէ արյունի, թեպետ այդ ինչ եմ կասկածի տակ առնում՝ Սումգայիթն ու Բաքուն ընդամենը երեկ չէի՞ն...

Ինչևէ: Մի քանի լուսանկար անելուց հետո երբ մտա եկեղեցի իմ բաժին մոմերը վառելու, կողքիս կանգնած թուրք երիտասարդ զույգը նույնպես մոմեր էր գնում: Չհասկանալը, որ համշենահայեր էին, այլևս հավասարազոր էր հավկուրության:
Մերո՜նք էին:
Իմո՛նք:
Ճակատագրի կամոք ու նույն այդ ճակատագրի հեգնանքով մեզանից զատված:
Ոչի՜նչ: Կուղղվի, այդ սխալն էլ կուղղվի ու դրան ուղղված մեր առաջին քայլն այն կլինի, որ մենք մեր միջից հանենք մեզ տեղանքներով բաժանելու արատավոր սովորույթը, հասկանանք, որ աշխարհում կա, գոյություն ունի հայ մեկ-միասնական, ընդհանրական հասկացութունը և որ տեղանքային ընկալումը մեր գերագույն ողբերգություններից է, քանզի կոտրում է մեր ընդհանրականության գիտակցումը:

Եկեղեցիում հայ երիտասարդ զույգի ու թուրքական զբոսաշրջիկներից զատված էլի մի քանիսի հետ ես մոմ էի վառում հանուն ինձ համար նվիրական զգացողությունների, ու նույն էին անում իմ հայրենակիցները, որոնք գուցեև առաջին անգամ էին այդպես հրապարակային մոմ վառում իրենց հավատի տանը, որն այդ պահին Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցին էր:

Եկեղեցու ոդիսականն ու մկրտության ավազանի հրաշքը
Բաթումի Սուրբ Փրկիչ հայ առաքելական եկեղեցու ծննդյան տարեթիվը 1874-ն է: Ի սկզբանե այն եղել է փայտաշեն կառույց, սակայն կարճ ժամանակ անց, 1887-ին, տեղի հավատավոր համայնքի հանգանակած միջոցներով դրվում է ներկայիս քարաշեն եկեղեցու հիմքը ու շինարարությունն ամբողջանում է հետագա 11 տարում: Եկեղեցու ամբողջացման գործին իր անուրանալի մասնակցությունն է բերում նաև ազգային մեծանուն գործիչ, բարերար, հայտնի նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանը:

Լուսանկարը՝ Henq.am

Խորհրդային տարիները բարդ ու հակասական են եղել եկեղեցու համար: Գաղափարախոսությամբ պարտադրված՝ համընդհանուր աստվածուրացության խորշակը չի շրջանցում Սուրբ Փրկիչը: 1930-ից ծանրորեն կողպվում է Աստծո տան դուռը՝ վերածվելով կինովարձույթի պահեստի: 50-ականների վերջին քաղաքի բարեկարգման պատրվակի տակ փորձ է արվում քանդել եկեղեցին, սակայն հոգևոր հովիվ Վահան եպիսկոպոս Քալանդարյանի գլխավորությամբ մի խումբ հավատացյալներ ապաստան են գտնում եկեղեցու տանիքի տակ ու հայտարարում, որ եթե քանդելու են, կարող են քանդել իրենց գլխին: Այս մի խորշակն էլ է անցնում եկեղեցու գլխով, սակայն այդուհանդերձ այն չի խուսափում վերապրոֆիլավորումից: 1958-ից այն սկսում է գործել որպես աստղացուցարան:

Սակայն այստեղ կա մի մանրամասն, որն անհնար է շրջանցել, լայն հանրության սեփականությունը չդարձնել: Բնականաբար սկսվում է շինության ներսի հիմնափոխումը, նրա հարմարեցումը նոր գործառույթներին: Եկեղեցու ներսի այն հատվածի քանդումը, որտեղ եղել է մկրտության ավազանը, բաժին է հասնում մի հայ բանվորի: Մեր այս պատվարժան այրը, քանդելու տեղակ ավազանը խնամքով փակում է աղյուսաշարով՝ փրկելով այն ոչնչացումից: Կամոքն Բարձրյալի, երբ եկեղեցին 1992-ին վերադարձվում է հայ համայնքին, որոշվում է մկրտության ավազան կառուցել ու այստեղ կրկին ասպարեզ է իջնում մեր պատվարժան հայրենակիցը՝ բացելով իր փրկած ավազանի գաղտնիքը, որը եկեղեցուն հավասար դարձել է որքան նրան ներձուլված, նույնքան ինքնուրույնաբար գոյություն ունեցող մի սքանչելի պատմություն՝ կրկին ու կրկին այն զորեղ հավաստմամբ, որ ինչ չի լինելու, չի կարող լինել:

Ինչ վերաբերում է եկեղեցու գործունեությանը, տեղի հայ համայնքի կյանքին ունեցած մասնակցությանը, այն Բաթումի մեր հյուպատոսական կառույցի հետ բացառիկ դերակատարում ունի ազգային, պետական մտածողության սերմանման, ավելի քան ութ հազար հայություն ունեցող համայնքի հոգևոր-կրթական ուսուցման, հայեցի դաստիարակման գործում, սաակայն սա արդեն բոլորովին այլ թեմա է, մեկ այլ նյութի արժանի:

Եվ վերջում՝ Ամանորի գիշերվա մասին
Ամանորյա այս տուրը մեր պարագայում կազմակերպել էր «VIPTOUR»-ը, բայց որքան հասկացա, ձեռնարկն իրականացնելիս այն իր մտահղացման մեջ մենակ չի եղել: Սա թերևս այնքան էլ կարևոր չէ, միայն նկատեմ, որ ընդհանուր մի թվի վրա ուշադրություն դարձրեցի՝ 70 համար էր վարձակալվել «Հիլթոն» բարձրակարգ հյուրանոցում և որ նման կարգի միջոցառում կոնկրետ Բաթումի պարագայում առաջին անգամ էր իրականացվում. նախորդ վեց տարիներին նախաձեռնողների գործունեությունը սկսվել ու ավարտվել է Թբիլիսիով:

Լուսանկարը՝ Henq.am

Այս ամենն, ինչ ասում եմ, ամանորյա հանդիսության Ձյունանուշիկից լսածներից է, ով իր այդ որակի մեջ ավելի շատ անհամ թամադա էր, քան Ձյունանուշիկ: Ձմեռ պապի մասին ավելի ճիշտ կլինի լռել, ու բոլորիս բախտավորությունն էր, որ ճանապարհը կորցրել-մոլորվել էր, այդ պատճառով ավելի ուշ պիտի միանար մեզ: Ձյունանուշի ներկայացրած այս պատմությանը բնականաբար հավատացին երեխաները, բայց հո մեզ՝ տարիքն առածներիս, չես մոլորեցնի, մանավանդ երբ Ձմեռ պապը եկավ մի կորած-մոլորած պարկով, բերանն իսկ չբացեց, բառ իսկ չարտասանեց: Սույնի առնչությամբ իմ նեղ անձնական եզրահանգումները երկուսն են՝ կամ ձմեռ պապի քեֆը լա՜վ-լավ էր, կամ էլ անաստվածը մարդա մեկն էր, ով ռուսերենից նույնքան խորագիտակ էր, որքան ես զուլուսերենից:

Հանդիսության համերգային մասն այնքանով էր, որքանով էր, կարելի էր ձայնագրությունների տեխնիկական կողմին ուշադրություն դարձնել, որ բացահայտ կիքսեր չլինեին, իսկ ինչ վերաբերում է խմբում եղած պատգամավորներին ձայն տալուն, ոչ թե ավելորդություն էր, այլ՝ կատարյալ ավելորդություն: Համենայն դեպս կարելի է նոր տարին թողնել նոր տարի ու ոչ թե դարձնել քաղաքական ելույթների ամբիոն անկախ այն բանից, թե ով որ կուսակցությունն է ներկայացնում:

Մարտին ՀՈւՐԻԽԱՆՅԱՆ