Կնոջս կրտսեր եղբայր հանրահայտ ատամնաբույժն արևելյան ամանորյա գնումների համար մի տարի ավելի վաղ է գնում ոչ պակաս հանրահայտ «Փեթակ» ու ձեռքի հետ որոշում է երեխաների ամանորյա նվերներն էլ անել: Ու քանի որ անհամբեր մարդ է, հենց այդ գիշեր էլ Ձմեռ պապի հետ դրանք հասցնում է աղջկան : Փոքրիկ Օլյան, ով արդեն այդքան էլ փոքրիկ չէր, առավոտյան արթնանում է զարմացած ու, նվերներով բեռնավորված, խոհանոց է ներխուժում «Ձմեռ պապը շփոթել է, նոր տարուն դեռ յոթ օր էլ կա» աղաղակ-բացականչությունով:

Ֆանտազյոր աներորդիս գտնում է ելքը: «Օլյ ջան, -ասում է, -դու քնած էիր, Ձմեռ պապն եկավ, ասաց, որ շտապում է ԱՖղանստան, կարող է էլ Հայաստան գալու ժամանակ չունենա, քո նվերները վաղօրոք է բերել»:

Մի քանի ժամ անց տանը հեռախոսը պայթում է հեռախոսազանգերից ու բոլորն էլ նույն բովանդակությամբ: Զանգողներն Օլյայի համադասարանցիների ծնողներն են. «Ձեր արածն արա՞ծ է, երեխեքը ձենները գլուխներն են գցել, թե Ձմեռ պապը գնացել է Աֆղանստան, էլ հետ չի գալու, իրենք մնալու են առանց տոնական նվերների»:

Ձմեռ պապի հնարավոր վրիպումը շտկելու համար ու աներորդուս թեթևամտության կամոք այդպես այդ տարի նրա դստեր համադասարանցիների ծնողները մեկ շաբաթ շուտ գնացին առևտրի տաղավարներ՝ ամանորյա գնումների:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ