Նոր տարվա ամենահաճելի հիշողությունները բազմաթիվ են ու չափազանց դժվար է դրանցից մեկի վրա կոնկրետանալը, սակայն երևի թե հիշեմ այս մեկը, որովհետ հենց դա կարծես թե դարձավ մեր յուրօրինակ հասունության հավաստումը, ու ժամանակի հետ մի միֆը փոխարինեց մեկ այլնով, ինչը շատ տրամաբանական էր:

Տարիներ շարունակ Ձմեռ պապն ինձ ու քույրերիս իր նվերներն էր անում տոպրակների տեսքով, որոնց մեջ եղածն առանձնապես մեծ հարստություն չէր՝ պոպոք էր, պնդուկ, մանդարին, մի երկու կոնֆետ, պեչենի… Երևի այսքանը: Չէ, այնպես չէ, որ ամանորյա ուրիշ նվերներ չէինք ստանում, բայց դրանք Ձմեռ պապի կողմից չէին, ու դրանց մեջ առանձնակի քաղցրություն չկար: Ձմեռ պապի բերած նվերները վերը հիշատակած բաներն էին, որոնք նա զարմանալիորեն բերում էր… մորս հենց այդ տարի կարած տոպրակներով:

Մի նոր տարվա գլուխ, երբ արդեն բավականին հասունացել էինք ահագին բաներ հասկանալու համար, քույրերիս հետ որոշեցինք՝ արդարացի չէ, որ, մեզ հիշելով, Ձմեռ պապը չի հիշում մեր ծնողներին, նրանց նվեր չի անում ու գտանք, որ Ձմեռ պապի այդ թերացումը պիտի ինչ-որ կերպ շտկել: Սպասեցինք՝ մինչև խորը քուն մտան ու… մեկ էլ տեսնենք՝ չխկոցի թե թրմփոցի վրա մարդ ու կնիկ արթնացել, իրար ձեռք բռնած, ամեն մեկը ձեռքին մի տոպրակ՝ դուրս եկան ննջասենյակից: Ձմեռ պապին մորս կարած տոպրակներով իրենց էլ էր պոպոք, պնդուկ, չիր ու չամիչ բաժին հանել…

Դա մեր տան առաջին նոր տարին էր, որ Ձմեռ պապին բոլորիս էր հավասարապես հիշել, ու դա իսկապես շշմելու զգացողություն էր:

Մարտին ՀՈւՐԻԽԱՆՅԱՆ