Նոր տարվա հեքիաթի մոգական ուժը մանուկներին, միանշանակ, իրական հրաշքներ է պարգևում, մյուսներին՝ ըստ իրենց ցանկության ու նախատրամադրվածության։ Երբ շատ փոքր էի, ես էլ առաջին կատեգորիայում էի, իսկ երբ մի քիչ մեծացա ու Ձմեռ պապիկի գոյությանը կասկածամտորեն վերաբերվողները փորձեցին բացել աչքերս, միանգամից ըմբոստացա։

Անկեղծ ասած, չեմ հիշում, թե երբ հեքիաթը վերջնականապես ցրվեց ու հասկացա, որ կա ոչ թե մեկ, այլ գործնականում այնքան Ձմեռ պապ, որքան իրենց բալիկներին Ամանորին հեքիաթ պարգևող ծնող։ Բայց դա էլ, բարեբախտաբար, այնքան ուժեղ չգտնվեց, որ Նոր տարվա ամենաբարի ու առատաձեռն հյուրի կերպարը սասանվեր իմ աչքում, ու դա տեղի չունեցավ անգամ այն ժամանակ, երբ հերթական Նոր տարուն բարձիս տակ նվեր դնող մայրս բռնվեց «հանցանքի պահին»։ Չեմ հիշում՝ քանի տարեկան էի այդ ժամանակ, բայց բավականին խելահաս էի ու լավ էլ գիտեի, որ իմ Ձմեռ պապին մայրս ու հայրս են։ Երևի դա էր պատճառը, որ անակնկալի եկած մորս հուսախաբ չանելու համար նորից անմիջապես փակեցի աչքերս, իբր՝ ոչ տեսել եմ, ոչ լսել։

Հաջորդ օրն իմացա, որ Նոր տարվա գիշերը հորաքույրս էլ էր սայթաքել, բայց ոչ թե փոխաբերական, այլ՝ լավ էլ ուղիղ իմաստով։ Փաստորեն, երբ զարմիկներիս նվերները բարձերի տակ բարեհաջող տեղավորելուց հետո «Ձմեռ պապին» ցանկանում էր աննկատ հեռանալ, վառարանը, որ ամբողջ օրը տունն ու տնեցիներին ջերմացնելուց հետո վաստակած հանգիստն էր վայելում, մեկ էլ հանկարծ...աղմուկ էր բարձրացրել ու քիչ էր մնացել անակնկալը փչացնի։ Դու մի ասա, գիշերվա կեսին ոտնաթաթերի վրա սենյակից հեռանալու պահին էս հորաքույրս, մոռանալով կենտրոնում անսասան կանգնած վառարանի մասին, բախվել էր նրան։

Ինչպես մի քանի տարի անց իմ ու զարմիկներիս ինքնախոստովանանքի արդյունքում պարզվեց, չորսս էլ (ես ու երեք զարմիկներս) այդ տարի նույն մարտավարությունն էինք ընտրել, որը պահպանել ենք հաջորդ մի քանի տարին ևս. գիտակցաբար մոռանալով մեր բացահայտածը՝ ձևացնում էինք, թե անվերապահորեն հավատում ենք և´ մեր նամակների Լապլանդիա հասնելուն, և´ Ձմեռ պապի պարկի անհատակությանը, քանի որ բոլորի նվերները տեղավորվում են այնտեղ։ Այդ նախատրամադրվածությունն այնքա˜ն անկեղծ ու ջերմ էր, այնքա˜ն հաճելի ու վառ, որ ճշմարտության իմացությունը բոլորովին չէր խանգարում մեզ հրճվել, լիաթոք ուրախանալ, դառնալ Ամանորի հեքիաթի մասնիկն ու մասնակիցը։

Թե երբ ու ինչպես անէացավ այդ եզակի հաճելի ինքնախաբեությունը, չհասկացա, միայն հիշում եմ, որ երբ հերթական Նոր տարուն բարձիս տակ նվեր չգտա, ահավոր տխրեցի (երևի զգացի, որ էլ մանուկ չեմ ու իրականում էլ այդ տարիքից դուրս էի եկել)։ Այդ տարի ավելի շատ նվերներ ստացա, բայց արդեն առաջվա հեքիաթը չկար, քանի որ նվերներս առձեռն էին հանձնվում։

Բազմաթիվ տարիներ անց, երբ Ձմեռ պապն ու բարձիս տակ նվեր գտնելը վաղուց անցած-գնացած հուշ էի համարում, անհավանական բան տեղի ունեցավ։ Նախկին գործընկերներիցս մեկը, ով, ի դեպ, կյանքի հինգերորդ տասնամյակի մեջ է, ասաց, որ մինչև հիմա իր ամանորյա նվերները բարձի տակ են դնում։ Այդ պահից Նոր տարվա հեքիաթը նորից վերածնվեց, ու ես հասկացա, որ հատկապես Ամանորին մանկան պես լիաթոք հրճվելու համար ոչ տարիքը կարող է խանգարել, ոչ էլ որևէ այլ հանգամանք։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ