Ասուլիսը բացող «կոնֆերասիեն» ելնում է բեմ ու սկսում.

-Սիրելի մեր նախկի՛ն պատգամավորներ, բոլորս միասին կանչում ու բեմ ենք հրավիրում Կաղանդ պապուն: Բոլորս միասի՜ն՝ Կա՜- ղա՜նդ պա՜-պի՜, Կա՜- ղա՜նդ պա՜-պի՜

Պատգամավորներն սկսում են կանչել, սակայն դահլիճում միասնական ու դաշն խմբերգ-վանկարկում բնավ չի ստացվում: Բանն այն է, որ որոշ՝ «հյուսիսամետ» պատգամավորներ Ձմեռ պապուն են կանչում, որոշ «արևմտամետ» պատգամավորներ Սանտա Կլաուսին են կանչում, որոշ «հայեցի» պատգամավորներ Կաղանդ պապուն են կանչում: Իսկ նորը վռազ յուրացնող, բայց վռազելուց շշկռվող որոշ մեր պատգամավորներ՝ Շմայսի ու Սամվել Ալեքսանյանի գլխավորությամբ, չեմ իմանում թե իրանց հոր կոնկրետ ո՛ր բոստանից են «Կաղամբ» պապուն կանչում:

Արդյունքում, Կաղանդ պապը էլ չդիմանալով, զայրացած ժամանակից շուտ կուլիսներից բեմ է մտնում ու սկսում գոռգոռալ.

-Էս հո «Եռանկյունու» միջի երգչախումբը չէ. մեկ-երկու, էն էլ չունեցած գաղափարախոսությամբ՝ 7-8 երգ եք երգում:

«Կոնֆերանսիեն» հարցի համար ձայն է տալիս ձեռք բարձրացրածներից մեկին, խնդրում ներկայանալ.

-Սամվել Ալեքսանյան: «Ապարան սիթի»: Հարգարժա՛ն «Կաղամբ պապ»…

«Կաղամբ» պապը կատաղած ցատկում է տեղից.

-Էդ բոստանի բառապաշարը ձեզ չասի՞ն թարկեք, կասես Կաղա՛նդ պապ:

-Կներես, Կաղա՜նդ ջան, էլի շշկռվա: Հարցս հետևյալն է. հիմա ովքեր էս ընտրություններում չեն հաղթել նոր խորհդարան էլ գործի չեն գնալո՞ւ:

-Որ չեն հաղթել, պատգամավոր չեն դարձել, ո՞նց են գնալու, ա՜յ Սամվելիկ ջան:

-Դե որ էդպես է, կարելի՞ է երկրորդ հարց էլ տամ:

-Տո՛ւր:

-Իսկ նրա՛նք, որ չեն պարտվել, կարո՞ղ են նոր խորհրդարան մյուս տարուց էլի գործի գնան:

-Եթե չեն պարտվել, բնականաբար, պտի գնան, բա ո՞նց:

-Էդ դեպքում երրորդ հարցս է ծագում: Ես չեմ պարտվել, կարա՞մ էկող տարի նորից խորհրդարան գործի գնամ:

-Եթե չես պարտվել, ասի՝ կարող եսԲայց հլա մի րոպե՜, դու էդ ընտրություններին մասնակցե՞լ ես որ

-Բայց խի՞ մասնակցեի, ա՜յ Կաղանդ պապ ջան, որ պարտվեի՞: Նոր չասի՞ր՝ ով պարտվեց, խորհրդարան էլ գործի չի գնալու

Ձեռք է բարձրացնում Գալուստ Սահակյանը:

«Սամվելիկի» հարցերից հազիվ ուշքի եկած Կաղանդ պապն էսպես ընկնում է հիմա էլ Գալուստի՛ ձեռքն ու, ճարահատ, հառաչում.

-Ասա՜, միայն խնդրում եմ հալից չգցես. արդեն գցեցին:

-Մեծարգո՛ Կաղանդ եղբայր, ես, որպես բանասեր, ինչքան գիտեմ, Կաղանդ մենք՝ հայերս, Նոր տարուն ենք ասում, քանի որ դա Նոր տարվա հոմանիշներից մեկն է: Հարցս հետևյալն է. էդ Ձեր անունն են դրել Նոր տարվա վրա՞, թե՞ Նոր տարվա անունն են դրել Ձեզ վրա

Մի տասը րոպե չանցած՝ Կաղանդ պապուն ի զորու եղան ուշքի բերելու: Հենց տեսան՝ պապը իրա անունը արդեն հիշում է, շարունակեցին ասուլիսը, բայց չգիտես ում կողմից հրավիրված Գալուստին, նախ, ապահովության համար, դուրս հրավիրեցին, որ Կաղանդ պապը նորից չվատանա:

Ձեռք է բարձրացնում Շմայսը:

-Ասա՛, քանի չես մոռացել կամ քանի չես գնացել , ԱԱԾ-ին սա՜ղ ասելիքդ ասել, -ուշքի գալուց հետո շարունակում է Կաղանդ պապիկը:

-Էսօր ովքեր ամենալավ ելույթներն ունեցան, արտասանեցին-երգեցին, կարելի՞ է, որ ԱԺ-ում իրանց համար տեղ ավելացնեն, իրանց նորից պլյուս անեն, պատգամավոր դարձնեն, -հարցնում է Շմայսը:

-14 տարի, ինչ բերանդ էկավ, արտասանեցի՜ր էլ, երգեցի՜ր էլ, ի՞նչի հասար: Հասար էն բանին, որ հիմա ես էլ, քո խոսքերով, քեզ ու ձերոնց, տառացի՛, պատասխանե՞մ: Շատ ես ուզո՞ւմ, խնդրե՜մ. «Դավայ, յան տվեք սաղդ»… Ոնց որ դուք էիք վարվում ձեր ասուլիսներում հարց տվողների հետ, հիմա էլ ես եմ ձեզ հետ էդպես վարվում. «Դավայ, յան տվեք սաղդ»…

Ու բոլորն էստեղ սիրուն վեր կացան, «յան տվին, գնացին»: Հա՛մ էդ դահլիճից, հա՛մ մեր քաղաքական դաշտից: Գնացին իրանց երբեմնի բոստան, որ, Կաղանդի հետ զրուցել չեղավ, կաղամբի՛ հետ գոնե զրուցեն՝ էն հայտնի Դիոկղետիանոս հռոմեական կայսեր նման: Բայց մի հատ վախ ևս էս պարագայում կա. վայ թե կաղա՛մբն էլ հրաժարվի, որ դրանց հետ խոսի: Բանն այն է, որ Դիոկղետիանոսը սեփական կամքո՛վ էր հրաժարվել գահից, թողել-գնացել կաղամբ աճեցնելու, իսկ դրանք՝ զոռով:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ