Եկե՛ք Նոր տարվա ու Սուրբ ծննդի շեմին իրար միայն բարին մաղթենք ու օրհնանք հղենք: Լավ կլիներ, որ մի՛շտ այդպես լիներ, բայց այդ ցանկությունը ռոմանտիկայի՛ բնագավառից է, կյանքը՝ ռեա՛լ բան:

Հա՛, օրհնենք իրար, էս աշխարհը, Աստվա՜ծ: Աստված ինքն էլ մե՛զ օրհնի:

Ի՜նչ վատ է. ամեն բան էլ լա՜վ ու հոյակա՜պ է: Ճիշտը ստին հաղթեց: Լավը վատին հաղթեց: Մնում է՝ մի՜ քիչ համբերենք, լռենք, տեսնենք էդ լավը, որ սենց հեշտ հաղթեց, իր հաղթանակը ո՛նց է ամրապնդելու:

Չէ՜, սխալ չհասկանա՜ք հանկարծ. չեմ առաջարկում՝ կողքից դիտողի կեցվածք ընդունենք, ո՛չ լավը, ո՛չ վատը այլևս չնկատենք. առաջարկում եմ՝ ուղղակի մի քիչ համբերենք, տոնական տրամադրությամբ այնպե՛ս տոգորվենք, որ էդ տոնական տրամադրությունը իր հետքե՛րը թողնի: Ո՛ղջ տարվա համար հերիքող հետքեր: Այնպիսի հետքեր, որ էլ չթողնի՝ նորից կյանքից բուռն դժգոհենք, մանավանդ որ հույս ու նախադրյալ կա, որ կյանքն իսկապես պետք է լավանա՝ մեր բոլոր բարի ցանկությունների հետ: Մի խոսքով, եկե՛ք, լավատե՛ս ու բարեսի՛րտ սպասենք, թե գլխներիս էս անգամ ինչ լավ բան է գալու:

Հա՛, գլխներիս, Աստծո ցանկությամբ, էս անգամ պետք է որ հենց բարի մաղթանք ու օրհնանք գա առատ՝ և՛ էս Նոր տարվա շեմին, և՛ դրանից հետո: Ա՛մեն:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ