Երևի կռահեցիք, որ խոսքը խորհրդային ամանորյա սեղանների ամենակարևոր ատրիբուտի՝ «Ստալիչնի» աղցան-սալաթի մասին է:

Ոմանք երբեմն «Ստալիչնի» սալաթը շփոթում են սալաթ «Օլիվիեի» հետ: Բայց դրանց միջև տարբերություն կա: Նախ, «Օլիվիեն» ավելի վաղ՝ 19-րդ դարի ծագում ունի: Անունը կապվում է Մոսկվայի «Էրմիտաժ» ռեստորանի հանրահայտ խոհարար Լյուսիեն Օլիվիեի հետ: Իսկ «Ստալիչնի» սալաթն արդեն խորհրդայի՛ն ծագում ունի և առավել «երիտասարդ» ուտեստ է. պատրաստվում է նախորդ դարի 30-ականներից սկսած և «Օլիվիեի» առավել քիչ ծախսատար տարատեսակն է, քանզի ամեն բան հարմարեցված է խորհրդային իրականության հնարավորություններին:

Ամենակարևոր տարբերությունն այն է, որ «Օլիվիեն» պատրաստելիս գործածվում է առավել թանկարժեք մսեղեն (թանկանոց երշիկ, վետչինա, և այլն), իսկ «Ստալիչնի» սալաթում գործածվում է խորհրդային ամենատարածված ու մատչելի մսեղենը՝ հավի՛ միսը: Իսկ հիմա՝ «Ստալիչնի» սալաթի ամենաանբաժա՛ն «ինգրեդիենտ-կոմպոնենտի» մասին ու իրենից հավետ անպակաս իր «բախտի՛» մասին:

Ինչպես գիտեք, խորհրդային երկրում (ինչպես և այսօր) այն առավել տարածված է ռուսների միջավայրում: Իսկ ռուսներն, ինչպես գիտեք, չեն կարող Նոր տարին նշել՝ առանց իրենց հատուկ, երբևէ չգերազանցված ու լեգենդ դարձած «ֆանատիզմի»: Եւ ուստի «Ստալիչնի» սալաթը ժամանակի հետ գտավ իր նոր նշանակությունը, որն էլ կամա՜ց-կամա՜ց իրենից այնքան անբաժան դարձավ, որ իր բախտը դարձավ:

Ո՛րն է իր այդ բախտ դարձած նշանակությունը:

Ահա թե ո՛րն է: Երբ էլ հե՜չ ուժ չկա մի նոր բաժակ լցնելու-վերցնելու-գցելու-պարպելու, երբ էլ ուժ չկա անգամ պարանոցը ուղղաձիգ պահելու, ապա խմելու վերջին ուժերը կորցրած այդ «սխրագործի» պարանոցը կքվում, երեսն է թրմփում «Ստալիչնի» սալաթով լեցուն ափսեին:

Ու խմելու վերջին իրենց ուժերը կորցրած այդ «խո՜նջ բեզարածների» համար «Ստալիչնի» սալաթը փափուկ-փափագած-բաղձալի բարձ է դառնում մինչև լույս, երբ, թարմ ուժերով, արդեն նոր բաժակ բարձրացնելու լիցքեր նորից կգտնվեն ու անմիջապես կանցնեն հաջորդ… բաժակներին:

Բայց, հաշվի առնելով նախորդ օրվա ընհանուր պատկերն ու վերջաբանը, պարտադիր «վերանայվում» ու թարմացվում ու «կարգի էր բերվում» ափսեն… «Ստալիչնի»-ի…

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ