1967 թվականն էր, նոր տարվա նախօրեն: Ապրում էինք Աջափնյակի սկզբի խրուշչովկաներից մեկի 3 սենյականոց բնակարանում և պատրաստվում էինք ինչպես հարկն է նշել ամանորը:Կապուտաչյա, ցորնամորթ ու ճոխ սեղանների վարպետ Սուսան մայրս եռուզեռի մեջ էր, եփում-թափում էր, իսկ հայրս տան գլխավորի տոնական հանդիսավոր ժամերը վախճանին էր հասցնում Րաֆֆի կարդալով: Միջավայրը ժամ առ ժամ ավելի էր հագենում կախարդիչ բույրերով: Ձմեռ պապը ժամանում էր: Առանց Ձյունանուշիկի:

Հունվարի 1-ին մայրս անցավ տոլմաների և թանապուրի պատրաստմանը: Կաղամբը մարմանդ խաշվում էր հսկա կաթսայում: Առավոտ էր, ձյունեղ ու խորհրդավոր: Սպասում էինք առաջին, ամենաթանկ հյուրերին: Տիկին Սուսանը ինձ կանչեց աջափնյակյան երկու ափաչափ խոհանոց. 3 ռուբլին դրեց գրպանս և հղեց 1968-ի առաջին մայրական պատգամը՝ շտապ հասնել Կոմիտասի շուկա, 2 գլուխ թարմ կաղամբ գնել և վերադառնալ: Կաթսայում կաղամբի պակասորդ կար, իսկ թփով տոլման մեր խոհանոցի գլուխգործոցն էր:

***

Ներկա սերունդն անտեղյակ է. նոր տարվա 1-ին օրը գյուղմթերքների շուկաների հետնախորշերում գիշերն էին լուսացնում ողջ ապրանքը դեռ չվաճառած գյուղաբնակները, որոնք նշում էին ամանորը խարույկի շուրջը նստած: Լուսաբացից հետո նրանք մնացած միրգն ու բանջարեղենը վաճառում էին կես գնով և վերադառնում հայրենի բնօրրան: (Հուշեմ, որ վերավաճառողներ այն տարիներին չկային, գյուղական բարիք ստեղծողը ինքն էր իր այգու և բանջարանոցի գլուխգործոցներն իրացնում):

***

Թիվ 27 ավտոբուսով հասա շուկա: Շուկան փակ էր: Շրջանցեցի գեղանիստ շենքը, գտա կաղամբ վաճառող կնոջը, գնեցի երկու մեծ գլուխ կաղամբն ու բարեհաջող, հոգնած, հևիհև, բայց հպարտ հասա տուն: Հևիհև, զի ապրում էինք 4-րդ հարկում, հպարտ, քանզի դա իմ անդրանիկ այցն էր շուկա: Մայրս ուշադիր զննեց կաղամբը և առանց խոսքի 5կգ կշռող բարիքը խնամքով տեղադրեց աղբի դույլի մեջ: Կաղամբը փչացած էր, սռը տարած, այսինքն՝ միանգամայն ոչ պիտանի տոլմայի համար:

Այդ օրվանից ետքը ես անզոր կատաղությամբ լցվեցի սռը տարած կաղամբի նկատմամբ: Սույն նվիրական զգացողությունը ինձ չի լքում մինչև օրս:

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ