20 տարի առաջ դեռեւս սկսնակ լրագրող էի: 1999 թ. էինք դիմավորում: Վանաձորի «Ինտերկապ» հեռուստաընկերության խմբագիր Արմեն Սարգսյանը հանձնարարեց շուկայի հետազոտություն կատարել, թե այս օրերին հատկապես ի՞նչն է շատ վաճառվում, գուցե՞ ապրանքատեսակների առաջարկն ու պահանջարկը անհամատեղելի են:

Վանաձորի «Լաչինի միջանցք» անվամբ շուկայում ասեղ գցելու տեղ չկար: Մի կերպ ճեղքելով բազմությունը՝ խոսափողը մեծ դժվարությամբ հասցրեցի վաճառողներից մեկ-երկուսին: Հարցերին պատասխանելու փոխարեն ասացին՝ հնարավո՞ր է պայմանավորված են: Այդ հարցն էլ անպատասխան մնաց :

Ինչքան շուկա մտա, այնքան զարմացած ու տարակուսած դեմքերն ավելացան: Իրար մեջ խոսակցություն սկսվեց, մոտեցա առանց տեսախցիկի, խառնվեցի խոսակցությանը, պարզվեց միջին տարիքի մի կին, շրջելով սեղանից-սեղան, հարցրել է՝ հնարավո՞ր է ռումբ ունենաք:

Արցախյան պատերազմը դեռ չէր ավարտվել, այդ շրջանում պայթուցիկների վաճառքն արգելված էր եւ այդ հարցը ամողջ շուկային շոկի էր ենթարկել: Վաճառողներն անգամ իրենց ապրանքի տեսականին ու գներն էին խառնել իրար: Մոտ կես օր շուկայում առեւտուրը կանգնեց: Ավելի ուշ խոսակցությանը միացավ վաճառողներից մեկը՝ «լավ լուր» հայտնելու: Պարզվեց, կինը սովորական պայթուցիկ՝ բոմբ էր ցանկացել գնել իր մանկահասակ երեխայի համար, բայց անունը չէր հիշել:

Որպեսզի «լավ լուրը» ամբողջ շուկան լսի, ինձանից խնդրեցին իմ միկրոֆոնը, չհավատացին, որ դա բարձարախոս չէ, իրենց սպասելիքները չի արդարացնի: Չկարողանալով համոզել՝ ստիպված միկրոֆոնս հանձնեցի «լավ լուրը» բերողին: Նա կանգնեց կենտրոնում եւ ձայնն աստիճանաբար բարձրացնելով՝ ամբողջ շուկայով մեկ սկսեց գոռալով վեր ու վար անել: Մինչ ամբողջ շուկան լիցքաթափված ծիծաղում էր, իրեն հաղորդավար հռչակած վաճառողի ձայնը կտրվեց:

Նելլի ԴԱՎԹՅԱՆ