Ամենդաժվարը… լիմոնադի հարցն էր. խորհդային երկրում ապրող մեր սերունդների այդ «շռայլությունը»Նոր տարվա շեմին չէր ճարվում, դեֆիցիտ դառնում: Արդյունքում՝ «Նոր տարվա լիմոնադ դարձավ» արտահայտությունն այնպե՛ս մտավ մեր կյանք, որ մինչև այսօր ոչ միայն դեֆիցիտ դարձած ապրանքին, այլև իրենց «թանկացնողներին» այդ արտահայտությամբ ենք դեռևս «փնտրում»:

Հաջորդ շռայլությունը մանդարինն էր, Վրաստանից բերվող մանդարինը:

Հա՛, չմոռանանք անբաժան տանդեմներ պոպոք-պնդուկին ու չիր ու չամիչին: Չմոռանանք «Սովետսկոյե» քաղցր-կիսաքաղցր, լիմոնադի՜ց անգամ քաղցր, բայց հաճախ հետն էլ համ էլ թթու, քանզի հաճախ… թթված «Շամպանսկուն»:

Չմոռանանք տոլմեն, պասո՛ւս տոլմեն, բաստուրմա-սուջուխն ու էն մյո՜ւս սուջուխը, չմոռանանք զեյթո՜ւնն ու «Ստալիչնի սալաթը» «Նապոլեոն»-ն, էկլերն, ու…

Դրանք ճարեցիր՝ Նոր տարվա պատրաստությունը գրեթե կազմ ու պատրաստ էր:

Հիմնական համադամը, բնականաբար, հավն էր, միայն՝ տեղական: Ո՛չ «իմպըրտնի» հավ, ո՛չ մի ուրիշ կենդանի մեր սեղաններին հիմնականում չկար: Ինչ վերաբերում է հնդուշկին, ապա հնդուշկեն մեր սեղաններից, ու մենք հնդուշկի համից լրիվ անտեղյակ, իրար ոչ գիտեինք, ոչ ճանաչում էինք, ոչ էլ ուզում էինք էսօրվա նման էսպես ճանաչել:

Կային տներ, որոնց «գործները» լավ էին. այ է՜դ տներում, հա՛, լինում էին որոշ դեֆիցիտ համդամեղեն ու դեֆիցիտ անուշեղեն, բայց էդ ոչ ամենուրեք նկատվող երևույթը եղանակ չէր ստեղծում:

Մեր մանկության տարիներին, ա՛յ, մի բան կար որ անձամբ ես այսօր փնտրում, չեմ գտնում: Տոնական անասելի բարձր տրամադրություն կար, ինչ-որ անծանոթ, մոտալուտ, բարի խորհրդին ուր որ է առնչվելու ու ինչ-որ երջանիկ բանի ակնկալիք կար: Կա՛մ ինձնից ու իմ տարիք առնելուց է, որ էդ բանն այսօր փնտրում, չեմ գտնում, կա՛մ այսօր մարդիկ «ինչը թողած ինչի հետևից ընկած»՝ մոռանում են, որն է գլխավորն ու հոգի՛ն փառավորողը, և որն է ուղղակի սեղանին դրվող, մի մասը ուտվող, մեծ մասը թափվող… երկրորդականը:

Չեմ առաջարկում այդ երկրորդականի մասին իսպառ մոռանալ ու սոված մնալ, բայց առաջին հերթին առաջարկում եմ ժամանակին մեր ապրած Նոր տարվա մոտալուտ այդ շունչը վերստին զգալ, վերստին ապրել, Ամանորի շեմի այդ անպատմելի ու անկրկնելի խորհո՛ւրդը նորից վերագտնել ու, սեղանները «փառավորելուն» առընթեր, մեր հոգիներն էլ այսօր փառավորել…

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ