Երբ ասում ենք նոր տարի, բոլորս պատկերացնում ենք առատ ձյուն, տոնածառ, ձմեռ պապ և, ամենակարևորը, նվերներ: Եվ ահա 2004թ. հունվարի 1 առավոտ կանուխ բոլորս հավաքվել ու սպասում էինք, թե երբ ենք բացելու ձմեռ պապիկի բերած նվերները:

Փոքր քույրս ուրախությամբ բացեց նվերը, որն իր ամենասիրելի տիկնիկներից էր, և ուրախացած սկսեց խաղալ՝ աշխարհը կարծես իրենը լիներ, իսկ փոքր եղբայրս մեծ հետաքրքրությամբ մի քանի անգամ հարցրեց.

-Իսկ Ձմեռ պապիկը ո՞ւրա, կլինի՞ տեսնեմ իրեն:

Ծնողներս տարբեր պատճառներ էին ասում, թէ ինչու նա չի կարող տեսնել Ձմեռ պապին, իսկ ես այդ պահին պտտվեցի և քրոջս ասացի.

- Մի բան ասեմ:

-Ասա:

-Գիտե՞ս՝ Ձմեռ պապիկ չկա, ու նվերները մաման ու պապան են առել:

-Ո՜նց չկա -տխուր ձայնով ասաց քույրիկս, ու, տիկնիկը մի կողմ շպրտելով, սկսեց լաց լինել:

Հենց այդ պահին ես հասկացա, որ շատ սխալ բան արեցի, որի համար մինչ օրս զղջում եմ: Բնականաբար այդ ամենը գիտակցելուց հետո փորձեցի նրան համոզել, իբրև կատակ եմ արել, բայց արդեն ուշ էր: Հենց այդ օրը փչացրեցի իմ քրոջ ամանորյա մանկական հեքիաթը: