Ամանորի հետ առաջին ասոցացվող բառը հրաշքն է, որին, մեծ թե փոքր, սպասում ենք բոլորս: Կլինի դա խաղալիք, նոր աշխատանք, բարեկամ՝ ով պետք է գա հեռավոր ափերից, ապաքինում որևէ հիվանդությունից, այնուամենայնիվ բոլորս էլ ինչ-որ բան ենք փափագում մեր սրտերում: Իմ պատմության հերոսը հասարակ մի տաքսու վարորդ է, ով առհասարակ չէր հավատում ամանորյա հրաշք ասվածին, և երբ նրան գիշերը` ժամը տասներկուսին, ասում էինք երազանք պահիր, մեզ ծաղրում էր` ասելով, որ դա ընդամենը սնահավատություն է:

Մոտենում էր հերթական ամանորյա գիշերը, բոլորս, խառը, մեր պատրաստությունն էինք տեսնում գալիք տարին ավելի մեծ շուքով դիմավորելու համար: Այդ օրը մեր հենց այդ նույն ընկերը` Միքայելը, պետք է աշխատեր մինչև ժամը տասը և հետո միանար մեզ: Ժամը մոտենում էր, և մենք սպասում էինք, որ ուր որ է Միքայելը կգա, և բոլորովս սեղան կնստենք: Քիչ անց նա եկավ` բոլորովին ուրիշ մարդ դարձած. դա շատ պարզ երևում էր նրա աչքերից, խոսելուց և մի տեսակ նրան ոչ հատուկ հանգստությունից: Ընկերներով միանգամից հետաքրքրվեցինք, թե ինչ է պատահել, ու հենց այդտեղ էլ սկսեց իր պատմությունը, որը փոխեց բոլորիս կյանքն ու աշխարհայացքը:

Միքայելը ժամը ութին պիտի կատարեր օրվա վերջին պատվերը. ուղևորին հասցներ օդանավակայան և միանգամից գար մեզ մոտ: Գնում է նշված հասցեով, որտեղ շուրջ տասնհինգ րոպե սպասում է ուղևորին: Սպասելով ևս հինգ րոպե` բարկացած թակում է տան դուռը: Դռնից այն կողմ լսվում են ոտնաձայներ և տարեց մարդու մի խռպոտ ձայն` գալիս եմ: Շուտով դուռը բացվում է և Միքայելի առաջ հայտնվում է մի տարեց կին, ով շատ խնամված էր, իսկ ճերմակ մազերն ընդամենը ընդգծում էին երբեմնի գեղեցկությունը: Տիկինը խնդրում է օգնել իրեն ուղեբեռը տեղադրել մեքենայի բեռնախցիկում:

Միքայելն արդեն շարժվում էր իր իմացած կարճ ճանապարհով, երբ տիկինը խնդրում է գնալ կենտրոնով: Մեր ընկերն իր պարտք է համարում զգուշացնել, որ այդպես վճարելիք չափն է մեծանում, ինչին ուղևորուհին պատասխանում է` հոգ չէ, սա իմ վերջին զբոսանքն է Երևանով: Միքայելը նրբորեն փորձում է հասկանալ պատճառը: Կինը որոշակի կաշկանդվածությամբ պատասխանում է, որ այլևս չի կարողանում հոգ տանել իրեն, մեկնում է Միացյալ Նահանգներ, երեխաների մոտ:

Այս խիստ ինքնատիպ զբոսանքի ընթացքում տիկինը լուռ ու երկար կանգնում է հիվանդանոցի շենքի մոտ, որտեղ երկար տարիներ աշխատել է լաբորատորիայի բժշկուհի, Միքայելին ցույց է տալիս Ամիրյան փողոցի այն տունը, որտեղ ապրել է ամուսնու հետ, երբ դեռ նոր էին ամուսնացել և այգին, որտեղ միշտ զբոսնում էին: Ցույց է տալիս երևանյան ուրիշ շատ հարազատ շենքեր ու պատկերներ:

Ինչևէ: Մոտենում է թռիչքի ժամը: Արդեն օդանավակայանում Միքայելին խնդրում է ասել գումարի չափը: Գնի հաշվով մեր ընկերը ոչինչ չի պատասխանում, միայն ասում է, որ ինքը երբեք նման գեղեցկուհի ու հետաքրքիր ուղևորուհի չի ունեցել և որ այս ամանորի գիշերով ինքը շատ ավելի բան սովորեց, քան իմացել էր ապրած քսանհինգ տարիների ընթացքում:

Մեր ընկերոջ պատմությունը ցնցող էր, մենք անասելի հուզված ու չեմ էլ կասկածում, որ յուրաքանչյուրս մեր մեջ մտածում էինք, իսկ ի՞նչ կլիներ, եթե այդ գիշեր այդ կնոջը հանդիպեր չափից ավելի նյութականացված մեկն ու ավերեր նրա հայաստանյան վերջին ամանորի հեքիաթը:

…Երբ կայքում առաջարկեցին գրել իմ կյանքի ամանորյա ամենահիշարժան պատումը, ես առաջինը հիշեցի Միքայելի ու նրա միջոցով մեր ապրած այս պատմությունը ու թեև անձնականի ընկալումները նրանում միջնորդավորված են, սակայն շատ առանցքային են եղել ու կան ոչ միայն մեր ընկերոջ, այլև ամեն մեկիս կյանքում: Երևի այսքանը:

Նադեժդա ԴԱԼՅԱՆ